AM
20 Նոյեմբեր 2020 - 10:02 AMT

«Իմ քայլը» հիմնադրամը $1 մլն կնվիրաբերի «1000 դրամի» հիմնադրամին

«Իմ քայլը» հիմնադրամը $1 միլիոն կնվիրաբերի Զինծառայողների ապահովագրության («1000 դրամի») հիմնադրամին: Այս մասին ֆեյսբուքում տեղեկացրել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

Հիմնադրամի հոգաբարձուների նիստին որոշվել է` պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակով, փոխել գործունեության ուղղությունը:

«Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամն այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի»,- գրել է նա:

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունն առաջարկել էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ամսական պարտադիր վճարը 1000-ից դարձնել 3000 դրամ։ Սա բացատրվում է 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած պատերազմի ընթացքում հիմնադրամի շահառուների թվի աճով։