AM
20 Նոյեմբեր 2020 - 12:53 AMT

Հաշմանդամություն ձեռք բերած մեր զինվորներին տա՞նն ենք փակելու

Պատերազմից հետո հաշմանդամություն, հենաշարժողական համակարգի խնդիրներ ձեռք բերած հարյուրավոր զինվորների, ինչպես հաշմանդամություն ունեցող այլ անձանց համար Երևանի փողոցները լինելու են անհարմար ու անանցանելի՝ խանութ գնալու, փողոց անցնելու, ընկերներին տեսնելու, երեխաների հետ զբոսնելու և մի շարք այլ ամենօրյա, պարզ, սովորական գործողություններ կատարելու համար։

Երևանում, երբ մի քիչ ցրտից մայթերի սառույցի պատճառով կարող ես ոտք ու ձեռք կոտրել, երբ նույնիսկ տրանսպորտից օգտվելու համար նույն ոտք ու ձեռքդ նյարդերիդ պես ամուր լինել են պարտավոր, երբ ստիպված ես մի քանի հարյուր մետր շեղել ճամփադ սխալ կայանված մեքենայի պատճառով, ապրելը, պարզապես ապրելը դժվարանալու է հարյուրավոր զինհաշմանդամների համար։

Այն, որ հայրենիքի սահմանից ողջ, սակայն ոչ առողջ վերադարձածներից շատերի կյանքը բարդանալու է պատերազմից հետո, գաղտնիք կամ նորություն չէ․ պատերազմների նողկալի բնույթն է։

Ամենապարզ դիտարկմամբ՝ զինհաշմանդամների կյանքը բարդանալու է պատերազմի հետևանքով ձեռք բերված հոգեբանական ու առողջական խնդիրների պատճառով և դրանց լուծմանն արգելակող մի շարք գործոններով, ինչպես, օրինակ՝ սիրած աղջկան տեսնելու ճանապարհի «անանցանելիությունն է» կամ այդ ճամփին կիպ կայանված մեքենան:

Եվ լուսավոր 21-րդ դարում կյանքի արագ ռիթմի, փոփոխությունների մեծ տեմպի, Տիեզերք նվաճելու և տեխնոլոգիաներ «հպատակեցնելու» բազմաթիվ մարտահրավերների ու վայրկյանը մեկ զարգանալու պահանջի ֆոնին, մեր սրտի ճմլվելու ու «գետինը մտնելու» առիթն այն է լինելու, որ մի տղա՝ 18-20 տարեկան մի տղա, չի կարողանում անցնել Երևանի կենտրոնական մեկ չէ, մի քանի փողոցով։

Մի խոսքով, PanARMENIAN.Net-ն առանձնացրել է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից լուսանկարներ՝ անհարմար մայթերով, վատ կայանված ու մայթերի վրա բարձրացած մեքենաներով, որոնք հետնիոտի համար անհասանելի են և անտանելի։

Ու սա դեռ մայրաքաղաքում՝ մարզերի մեծ մասի քաղաքներում ու գյուղերում վիճակն ավելի տխուր է ու անմխիթար։

Լուսանկարները՝ Հայկ Զալիբեկյանի արխիվից, Նատալյա Զալիբեկյանի ֆեյսբուքյան էջից