Նոյոմբերի 20-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների կապակցությամբ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։
Քրգործը հարուցվել է ՔՕ 225․1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս:
Եգանյանը նշեց, որ նախաքննության արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի:
Սեպտեմբերի 27-ից գործող ռազմական դրությամբ արգելվում է հավաքների անցկացումը:
«Ադեկվադ» միաբանությունը հայտնում է, որ Քննչական կոմիտեն որոշում է կայացրել ձերբակալել իրենց ղեկավար Արթուր Դանիելյանին և նոյեմբերի 20-ին անհնազանդության ակցիայի այլ մասնակիցների։
«Այժմ նրանք գտնվում են Զեյթունի քննչականում և այնտեղ են շտապում «Ադեկվադ» միաբանության այն անդամները, որոնք մինչև այս պահը գտնվում էին ոստիկանության Արաբկիրի բաժնում»,-գրում է կուսակցությունը։
Իսկ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնում է, որ ձերբակալվել է նաև ՀՀԿ երիտասարդական թևի նախագահ Հայկ Մամիջանյանը, որը Մաշտոցի պողոտայում անհնազանդության ակցիաների շրջանակում փողոց փակած ցուցարարների թվում էր։
«Փաստինֆոյի» տեղեկություններով` ձերբակալվել է նաև օրվա մեջ ակցիայի վայրից բերման ենթարկված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։ Ըստ ոստիկանության` նոյեմբերի 20-ի` ժամը 16:30-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 85 ցուցարար, իսկ Գյումրիում` 8։
Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։






