Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում ու ցերեկային ժամի տեղի ունեցող խաղաղ հավաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պետք է բացառվի, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նոյեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցը ցրում էին նաև դիմակավորված իրավապահներ։ Նրանցից որոշների համազգեստի վրա օտարալեզու գրություններ կային։
ՄԻՊ-ի խոսքով՝ Ոստիկանությունը պետք է գործի այնպես, որ ապահովված լինի իր գործողությունների կանխատեսելիությունը և որոշակիությունը, որոշակիացված հանդերձանքը՝ հավաքի կամ քաղաքացիական որևէ այլ ակցիայի մասնակիցների համար:
«Դիմակների կամ այլ հատուկ հանդերձանքի օգտագործումը կարելի է միայն հատուկ դեպքերում, որոնց անհրաժեշտությունը հիմնավորվում է կոնկրետ իրավիճակի հանգամանքներով և անհրաժեշտ է ոստիկանների անվտանգության ու իրավաչափ այլ նպատակների համար»,-հայտարարել է ՄԻՊ-ը։
Ոստիկանությունից էլ պաշտոնապես հայտնել են, որ բոլոր գործողություններին մասնակցել են միայն ոստիկանության ծառայողներ։
«Բոլոր նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, ովքեր իրենց վեր կդասեն օրենքից ու հասարակությունից, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության»,- հայտնել են ոստիկանությունից։
Նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ՀՀ-ում պարբերաբար բողոքի ցույցեր են՝ ընդդեմ վարչապետ Փաշինյանի հրաժարականի։ Սեպտեմբերի 27-ից գործող ռազմական դրությամբ արգելվում է հավաքների անցկացումը:
Ընթերցեք նաև․ Երևանում ցույցի հետևանքով քրգործ է հարուցվել. Ձերբակալվածներ կան






