AM
23 Նոյեմբեր 2020 - 08:43 AMT

Փաշինյան․ Ֆրանսիան Հայաստանի կողքին է

Ֆրանսիան Հայաստանի կողքին է։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ Ֆրանսիան մեր կողքին է։ Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը ժամանել է Երևան»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայից Երևան է ժամանել հումանիտար օգնությամբ առաջին ինքնաթիռը։ Հայաստան են բերվել բժշկական սարքավորումներ և դեղորայք՝ ամրապնդելու համար հայկական առողջապահական համակարգի հնարավորությունները, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ` այժմ ՀՀ-ում գտնվող տեղահանված արցախցիների համար։

Հաջորդ չվերթը Ֆրանսիայից սպասվում է նոյեմբերի 27-ին։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։