Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ողջունել է Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունումը։
«Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին»,- գրել է նա։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական էր որակել Ֆրանսիայի Սենատի բանաձևն ու նշել, որ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ։
Սենատի ընդունած նախագծով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Քվեարկությանը մասնակցել է Սենատի 306 անդամ, դեմ է եղել նրանցից միայն մեկը։






