Նոյեմբերի 26-ի գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անհետ կորած և գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին։
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի խոսքով՝ Փաշինյանը լսել է նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրել տարվող աշխատանքների վերաբերյալ։
«Ձեռք է բերվել պայմանավորվածություն լինել մշտական հաղորդակցության մեջ, պարբերական հանդիպումների ընթացքում համատեղ քննարկել մեր հայրենակիցների հայտնաբերման և հետ վերադարձի ապահովման աշխատանքների ընթացքը», – ֆեյսբուքյան իր էջում գրում է խոսնակը։
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցկացրել էր աշխատանքային խորհրդակցություն անհետ կորածների հարցով, որի ընթացքում հայտարարել էր` պետք է հոգ տանել, որ ընտանիքների անդամները տեղեկացվեն, թե ինչ աշխատանքներ են կատարվում, և չպետք է այնպես լինի, որ քաղաքացիներն իրենք ստիպված լինեն գնալ, տարբեր գերատեսչությունների առաջ ակցիաներ անել, որպեսզի տեղեկանան՝ իրենց հարազատների հայտնաբերման կամ վերադարձի ուղղությամբ ինչ է արվում:
Ավելի ուշ նա հանդիպել էր որոշ գերեվարվածների և անհետ կորածների ընտանիքների անդամների հետ։






