AM
30 Նոյեմբեր 2020 - 07:45 AMT

Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը, բայց կշարունակի պայքարը

Սահմանադրական դատարանի նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը, սակայն շարունակելու է պայքարը, որպեսզի Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ սահմանադրական կարգը տապալելու փաստով։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Հաստատու եմ, որ

• Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տապալել է երկրի կառավարումը, որի հետևանքը ներկայիս ողբերգական պարտությունն է:

• Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տապալել է ՀՀ Սահմանադրական կարգը իր հակասահմանադրական գործողություններով, որի վերջին քայլը ՀՀ Վարչապետի, ՌԴ և ԱՀ նախագահների համատեղ հայտարարության ստորագրումն էր, առանց Հայաստանի հանրապետության համապատասխան ատյանների, ՀՀ ԱԺ և ՍԴ կարծիքը լսելու։

• Այս ամենին պետք է տրվի իրավական գնահատական, որի համար կենսական անհարժեշտություն է ձևավորել փաստահավաք խումբ, բոլոր փաստական տվյալները հավաքագրելու, ամբողջակցնելու ու համապարփակ եզրակացություն պատրաստելու համար։

• Հարկ է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան, չեղարկելու երեք երկրների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը, բացառությամբ զինադադար հայտարարելու կետի, քանի որ դրա գործարկումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, օրենսդրական կատերին, երբ առանց վավերացումների ստոագրվում է միջազգային համաձայնագիր։

• Հակառակ հայկական կողմից, ՌԴ-ն, Ադրբեջանը, անգամ այս հայտարարության կողմ չհանդիսացող Թուրքիան կազմակերպել են ներքին օրեսդրական վավերացումների ամբողջական գործընթաց։

• Այս ամենի կազմակերպումը և ՀՀ Սահմանադրության, օրենքների համապատասխան քրեադատավարական գնահատական տալը պահանջում է երկարատև ու համապարփակ աշխատանք, որի կազմակերպման և կյանքի կոչելու համար պատրաստ եմ ներդնել ողջ մասնագիտական ներուժս, հանուն իմ երեսունամյա պայքարի արդյունքների պաշտպանության»։

Նա վստահություն է հայտնել, որ պայքարը հասնելու է արդյունքի և ՀՀ-ում հաղթանակելու է օրենքը, իսկ Փաշինյանը կրելու է ամբողջական պատասխանատվություն «երկրում Սհմանադրական կարգը տապալելու, հաղթանակների արդյունքները փոշիացնելու, հազարավոր երիտասարդների նահատակության, գերեվարման և այս վիճակի համար»։

«Կրկին անգամ կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին ժամ առաջ հրաժարական տալ, որովհետև իր պաշտոնավարման ամեն րոպեն դժվարեցնում է հետագա բանակցությունների գործընթացը և հանգեցնում է դավաճանական գործունեության»,-ասվում է գրառման մեջ:

Կիմ Բալայանը նոյեմբերի 24-ին միացել էր Հանրապետության հրապարկում՝ Կառավարության շենքի դիմաց վարչապետի անհապաղ հրաժարականը պահանջող հացադուլավորներին։ Նրան հորդորում էին հրաժարվել հացադուլը շարունակելու ծայրահեղ միջոցից, առաջարկելով պայքարել այլ եղանակով։