ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումներին, տեղեկացրել է, որ «Տեր-Պետրոսյանն անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին»:
«Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»,- ասվում է գրառման մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր պատերազմի օրերին ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի չկայացած այցին Մոսկվա և նշել, որ նախագահները խնդրել են իրեն միջնորդել, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունեն իրենց։ Փաշինյանը նշել է, որ հրաժարվել է, սակայն առաջարկել Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին գնալ Ռուսաստան որպես պաշտոնաթող նախագահներ և հյուրընկալվել ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդևին։






