AM
30 Նոյեմբեր 2020 - 10:33 AMT

ԱԱԾ-ն չունի Իսագուլյանի հայտարարությունները հավաստող տեղեկություններ, դիմել է դատախազություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների հավաստիության վերաբերյալ տեղեկություններ չունի, սակայն դրանց կապակցությամբ նոյեմբերի 25-ին դիմել է դատախազություն։

Միաժամանակ ԱԱԾ-ն կոչ է արել ազգային անվտանգության մարմինների գործառույթների վերաբերյալ «յուրովի պատկերացումներ ունեցողներին զերծ մնալ հանրությանը մոլորության մեջ գցող, ներքին լարվածություն հրահրող, ինչպես նաև պետական կառույցի հեղինակությունը խաթարող հրապարակումներից»:

Նաև զգուշացրել է, որ ազգային անվտանգության մարմինների և պաշտոնատար անձանց վերաբերյալ ապատեղեկատվություն և զրպարտություններ տարածելը շարունակելու դեպքում կնախաձեռնվեն համապատասխան իրավական գործընթացներ:

Ինչպես փոխանցում է «Փաստինֆոն»՝ Իսագուլյանը մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել. մասնավորապես՝ նշել էր, որ հակառակորդի 400 հոգանոց խումբ Հադրութ է մտել թիկունքից՝ Նախիջևանից Քաջարանով անցել է Արցախ և առանց խոչընդոտ գնացել մինչև Հադրութի թիկունք։ Նա նշել էր, որ դա ապահովել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը, և անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների։

Մյուս աղմկահարույց բացահայտումը վերաբերում էր Շուշիին։ Նա նշել էր, որ երբ թուրքական ստորաբաժանումները մտել են Շուշի, դրանից մեկ օր անց քաղաքն ազատագրվել է, սակայն հետո եղել է նահանջի հրաման: Ստեփանակերտի մատույցներում գտնվող հայկական զորքին չի զգուշացվել, որ Շուշիից նահանջողները ոչ թե ադրբեջանցիներ են, այլ հայկական զորքն է, որին հրամայված էր նահանջել: