AM
30 Նոյեմբեր 2020 - 10:47 AMT

Մարուքյանը դիմել է ՌԴ-ին` գերիների փոխանակման կետի իրականացման համար

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ գերիների վերադարձի գործում մեծ դեր ունի Ռուսաստանը՝ որպես հայտարարություն ստորագրելու միջնորդ։ Panorama.am-ի փոխանցմամբ՝ ըստ պատգամավորի՝ հենց ՌԴ-ն է հետևում, թե որ կետը որ պահին կիրականացվի։

Մարուքյանը հայտնել է, որ իրենք դիմել են նաև ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտե և պահանջել չպլանավորված այց կատարել ադրբեջանական բանտեր, որի արդյունքում կպարզվի նաև՝ քանի հայ գերի կա այդ երկրում։

«Ամենօրյա ռեժիմով նաև այլ քայլեր ենք անում. օրինակ, առաջարկել ենք, որ եռակողմ հանձնաժողով ստեղծվի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպեսզի ադրբեջանական ներկայացուցիչը ռուս ներկայացուցչի հետ կարողանա գալ մեր բանտեր և տեսնել՝ իրենց գերիները ոնց են, իսկ հայ ներկայացուցիչը ռուս ներկայացուցչի ուղեկցությամբ կարողանա գնալ արբեջանական բանտեր և տեսնել՝ գերիներն ուր են, ոնց են, քանիսն են»,- ասել է նա։

Ըստ Մարուքյանի՝ ՌԴ-ից պահանջում են, որ որպես հայտարարության երաշխավոր, պահանջի գերիների փոխանակման իրականացում։

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը ռազմագերիներ է թաքցնում նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից։