AM
30 Նոյեմբեր 2020 - 12:23 AMT

Հայ մտավորականները Ֆրանսիայի դեսպանատուն նամակ-դիմում են տարել հայ գերիների ու զոհերի դիերի վերադարձի հարցով

Նոյեմբերի 30-ին հայ մտավորականները նամակ-դիմում են փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը՝ գերիների ու զոհված զինծառայողների մարմինների վերադարձի հարցով։

«Խնդրում ենք, որպեսզի աջակցեն մեզ գերիների ազատման, թշնամական տարածքում գտնվող երիտասարդների և զինվորների դիերի վերադարձի հարցով», – նամակը հանձնելիս ասել է դերասան Հրանտ Թոխատյանը, փոխանցում է Aysor․am-ը։

Ավելի վաղ մտավորականնները Շառլ Ազնավուրի հրապարակից հավաք-երթ էին կազմակերպել դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության շենք։ Նրանք պատրաստվում են նամակով դիմել նաև ԱՄՆ դեսպանատանը, ավելի վաղ նման նամակ փոխանցվել է նաև ՌԴ դեսպանատանը։

Պատերազմի ավարտից հետո Հայաստանում պարբերաբար ցույցեր են․ գերիների ու զոհվածների մարմինների վերադարձի պահանջով նոյեմբերի 29-ին ևս մտավորականներն էին ցույց կազմակերպել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։