AM
30 Նոյեմբեր 2020 - 12:54 AMT

ՔՊ հանրային կապերի համակարգողը Տեր-Պետրոսյանին «բարդույթներով» քաղգործիչ է անվանել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն արձաքանքել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի հայտարարությանը։ Նա նշել է, թե վերջինիս տեքստին նման շոկային արձագանք տալը սխալ է, «քանի որ նախընտրական ժամանակահատվածներում Լևոնը երբեք էլ աչքի չի ընկել պոլիտկոռեկտությամբ»։

«Ու բայց բացի իր պատկերացրած ժամանակահատվածի գործոնից կարևորագույն գործոն է նաև տոտեմների տոտեմի՝ Լևոնի միշտ ճիշտ լինելու «ինստիտուտի» առաջ կրակն անմար պահելը։ Ըստ Լևոնի՝ Լևոնը միշտ պիտի ճիշտ լինի, իսկ դրա համար անհրաժեշտ պայման է, որ մնացած բոլորը լինեն տգետ, չհասկացող, ազգակործան ու հոգեկան։

Ափսոս, որ չկարողացավ իր պատկերացրած «ճիշտը» լինել այն պահին, երբ այդ «ճիշտ» լինելն ինչ-որ մի նշանակություն ու ազդեցություն ուներ»,- գրել է նա ֆեյսբուքում։

Ալեքսանյանն ափսոսանք է հայտնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, լինելով պետության նախագահ, «չի կարողացել լինել պետության նախագահ, լինելով պետության նախագահ՝ չի կարողացել կատարել պետության նախագահի գործառույթները, չի կարողացել իրացնել իրեն տրված իշխանությունը ու ինքն իրեն ու բոլորին ազատել իր՝ անկատար անցյալով ճիշտ լինելու բարդույթից»։

«Անկախ ամեն ինչից Լևոն Տեր-Պետրոսյանը, այո, կմնա հայ քաղաքական մտքի գագաթներից մեկը, բայց գագաթները ևս ունենում են բարդույթներ, իսկ բարդույթները կործանարար են»,- գրել է նա։

Մուսինյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումներին, հայտնել էր, որ «Տեր-Պետրոսյանն անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին»:

«Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»,- ասվում էր գրառման մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր պատերազմի օրերին ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի չկայացած այցին Մոսկվա և նշել, որ նախագահները խնդրել են իրեն միջնորդել, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունեն իրենց։ Փաշինյանը նշել է, որ հրաժարվել է, սակայն առաջարկել Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին գնալ Ռուսաստան որպես պաշտոնաթող նախագահներ և հյուրընկալվել ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդևին։

Կարդացեք նաև՝ Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը չմեկնեցին Մոսկվա․ նախագահների վարկածը