AM
30 Նոյեմբեր 2020 - 13:27 AMT

Քոչարյանի գրասենյակ. Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից

Սուտն ու նենգափոխումն անբաժան են (վարչապետ) Նիկոլ Փաշինյանից։ Այդ մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Մտածում էի չարձագանքել կամ պարզապես ասել՝ տես երեկվա ասածս։ Բայց Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի»,-գրել է Սողոմոնյանը։

Նա Փաշինյանի նոյեմբերի 29-ի երկու գրառման մասին գրել էր․ «Կարճ. ինչպես միշտ, նա սուտ է խոսում։ Ավելի մանրամասն կանդրադառնանք գալիք շաբաթվա ընթացքում»։

«Մեկն ընկերոջը հարցնում է․ ճի՞շտ է, որ մեր հարևանը լոտոյով մեքենա է շահել։ Պատասխանում է՝ մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարևանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ՝ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ՝ բնակարան, ոչ թե շահել է, այլ՝ կրվել։

Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումներին, տեղեկացրել է, որ «Տեր-Պետրոսյանն անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր պատերազմի օրերին ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի չկայացած այցին Մոսկվա և նշել, որ նախագահները խնդրել են իրեն միջնորդել, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունեն իրենց։ Փաշինյանը նշել է, որ հրաժարվել է, սակայն առաջարկել Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին գնալ Ռուսաստան որպես պաշտոնաթող նախագահներ և հյուրընկալվել ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդևին։