AM
1 Դեկտեմբեր 2020 - 07:41 AMT

Արցախի նախագահն առաջարկում է ազգային համաձայնության իշխանություն ձևավորել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Նա դրանց միջանկյալ արդյունքներով հնարավորություն է տեսնում, որ կկարողանան ձևավորել ազգային համաձայնության իշխանություն։

Ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու առաջարկներ են արվում նաև Հայաստանում, սակայն իշխանությունները մերժում են դրանք։

«Այս ճգնաժամային ու վճռորոշ պահին երկու ձեռքերս միշտ մեկնված կլինեն յուրաքանչյուրին, ով պատրաստ և ունակ կլինի գեթ մեկ աղյուս դնելու մեր Հայրենիքի վերակառուցման որմին: Ուստի, հորդորում եմ բոլոր-բոլորին՝ համախմբվել և միասնական ջանքերով ոչ միայն դուրս գալ այս իրավիճակից, այլ նաև բռնել ճամփան երկարատև զարգացման ու զորացման, որը միակ ճանապարհն է արևի տակ մեր ու գալիք սերունդների արժանապատիվ կյանքն ապահովելու համար», – գրել է նա՝ ակնկալելով, որ յուրաքանչյուրը մի կողմ կդնի իր անձնական ու խմբային ամբիցիաներն ու շահերը՝ նույն ազգային նպատակներին ծառայելու համար։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից, Քաշաթաղից (Լաչինից)։