Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, 1991-97-ին Լեռնային Ղարաբաղի հարցով բանագնաց Ժիրայր Լիպարիտյանը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում խոսել է Արցախյան հարցի կարգավորման, պատերազմում պարտության պատճառների ու Արցախի հետագա կարգավիճակի մասին: PanARMENIAN.Net-ն առանձնացրել է դիվանագետի ուշագրավ մտքերից մի քանիսը։
Լիպարիտյանը դեռ 2020-ի սեպտեմբերի սկզբին Հայաստանի ղեկավարությանը զգուշացրել էր Թուրքիայի կողմից Ադրբեջանին հնարավոր ռազմական օժանդակության մասին և կանխատեսել, որ նոր իրողությունների պայմաններում ՌԴ-ն ՀՀ-ից զիջումներ կպահանջի։
– Բանակցությունները կարող են ընթանալ 2 ուղղությամբ․ կլինի՞ հայկական Ղարաբաղը աշխարհագրորեն, տարածքային ամբողջականության առումով Ադրբեջանի կազմում կամ կստանա մշակութային ինքնավարություն, որի մասին խոսում է (Ադրբեջանի նախագահ) Իլհամ Ալիևը, և որը չի ենթադրում տարածքային որևէ իրավունք փոքրամասնության համար։ Այս երկու տարբերակը կա՝ տարածքային կամ էքստրատարածքային (ինքնավարություն Ադրբեջանի կազմում)։ Եվ երաշխիքներ՝ փոքրամասնությունների համար․ այսքանով վերջ։ Սա առավելագույնն է, ինչի շուրջ այժմ կարելի է բանակցել։ Բայց ոչ ընտրություն՝ անկախության և Ադրբեջանի կազմում լինելու։
– Լեռնային Ղարաբաղի հարցը մի քանի բաղադրիչ ունի, դրանից գլխավորները՝ ԼՂ կարգավիճակի է և հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական 7 շրջանի հարցերն են։ Տեսականորեն, միջազգային հանրությունը կարող էր ճանաչել ԼՂ անկախությունը, եթե դա աներ Ադրբեջանը։ Բայց, ընդհանուր առմամբ, ՌԴ-ն, Թուրքիան, Իրանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան առաջարկում էին տարբերակներ՝ հիմնված Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա։ Նրանք մեզ այդ մասին ասել են 30 տարի շարունակ։
– Մենք՝ Տեր-Պետրոսյանի վարչակազմը, ցանկանում էինք ստեղծել հնարավորություն՝ վերադարձնելու շրջանների մեծ մասը՝ խաղաղության դիմաց՝ թողնելով ԼՂ կարգավիճակի հարցը հետոյի։ Հաջորդող վարչակազմերը որոշեցին, որ տարածքները վերադարձնել կարելի է միայն կարգավիճակի դիմաց․ այսինքն՝ ԼՂ անկախության ճանաչումն Ադրբեջանի կողմից կամ գոնե դրան տանող ճանապարհ, ինչպիսին հանրաքվեն է։ Փաշինյանի վարչակազմը որոշեց, որ բանակցությունները հիմնված են սխալ կանխադրույթների վրա, որոնք հստակություն են մտցնում միայն 7 շրջանի վերադարձի մասով, և չի ճշտվում կարգավիճակի հարցը։ Փաշինյանը պնդել է, որ ԼՂ ապագա կարգավիճակի հստակ ընկալում է անհրաժեշտ, իսկ առանց դրա Ադրբեջանի դիրքորոշումը լուրջ ընդունել չի կարելի և բանակցություններն անիմաստ են, քանի որ Ադրբեջանը պնդում է տարածքային ամբողջականության մասին թեզը։ Նա (Փաշինյանը,- խմբ.) եկավ եզրահանգման, որ նախ պետք է համաձայնության գալ կարգավիճակի շուրջ, իսկ եթե դա պատերազմ պահանջի, կլինի պատերազմ և մենք կհաղթենք, ինչպես նախորդ պատերազմում։ Սա հայկական կողմի տրամաբանությունն էր 25 տարի շարունակ, ու հիմա մենք դրա արդյունքներն ենք տեսնում։
– Այս պատերազմի ընթացքում ակնհայտ դարձան տեխնիկական, լոգիստիկ և ռազմավարական խնդիրները։ Բայց առանց դրա էլ պարզ էր, որ մենք չենք կարող այդպես հեշտորեն հաղթել այս պատերազմում, ինչպես նախկինում էինք հաղթել։ Եվ հիմա Հայաստանի Գլխավոր շտաբի պետի հայտարարություններից իմանում ենք, որ պատերազմի 4-րդ օրը նա զգուշացրել է վարչապետին այդ մասին։ Բայց պատերազմից առաջ ևս այլ սխալներ են եղել։ Հայկական կողմը կատարել է մի շարք անհարկի քայլեր, որոնք սադրիչ էին Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ։
– Օրինակ՝ մենք քննարկում ենք ԼՂ ապագա կարգավիճակի հարցը, Ադրբեջանն առաջարկում է իր որոշումը՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Սա միջազգային հանրության կարծիքն է, և մենք այստեղ ասում ենք՝ մոռացեք բանակցությունների մասին, «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Երկրորդ, Հայաստանի վարչապետն ու նախագահը Սևրի դաշնագրի տարեդարձի օրը հայտարարություններ արեցին, որոնք կարող էին ընկալվել որպես Թուրքիայի տարածքային ամբողջականության սպառնալիք։ ՀՀ պաշտպանության նախարարն էլ հայտարարել էր՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։
– Փաշինյանը կարծում էր, թե ինքը մեծ պետական գործիչ է, երբ հայտարարում էր, որ ԼՂ հարցով յուրքանաչյուր լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Ղարաբաղի ու Հայաստանի համար։ Նա մտածում էր, թե դա հանճարեղ գաղափար է, որին պետք է հավատա ու ընդունի Ալիևը, իսկ եթե չհավատա, ուրեմն վատ լիդեր է։ Բայց բանն այն է, որ նա ոչ մի լուծում չառաջարկեց․ որ լուծումն էր ընդունելի լինելու 3 ժողովրդի համար։ Նա նաև կարծում էր, որ դեմոկրատական ճանապարհով ընտրված առաջնորդները կարող են ավելի ճկուն լինել։ Փաշինյանը նաև մտածում էր, որ միջազգային հանրությունը կպարգևատրի դեմոկրատիայի ճանապարհին գտնվող Հայաստանին և կփոխի դիրքորոշումը 7 շրջանի մասով։ Նման փոխակերպումներ, սակայն, գոյություն ունեն միայն իր երևակայության մեջ։
– Փաշինյանի ու (երկրորդ նախագահ Ռոբերտ) Քոչարյանի միջև տարբերություն կա, բայց ինձ թվում է՝ տարբեր քաղուժերի մոտ տպավորություն է, թե Ղարաբաղը միայն մեր խնդիրը չէ, և թող հետնորդները լուծեն այն, իսկ եթե չլուծեն, ոչ մի սարսափելի բան․ մենք ժամանակ ունենք։ Իսկ թե պատերազմ լինի, մենք կհաղթենք։ Այս մտածողությունը լայնորեն տարածված է, և դրա համար բոլոր քաղգործիչներն են պատասխանատու։
Սա քաղաքակա մշակույթի խնդիր է։ Եվ դրա համար էլ, երբ ասում են՝ Փաշինյանը պետք է հեռանա, ես հարցնում եմ, թե ով է զբաղեցնելու նրա տեղը։ Քաղաքական գործիչների մեծ մասն իշխանություն են ուզում, բայց նոր լուծում չեն առաջարկում։
– Ադրբեջանցիները կվերադառնան ԼՂ և նրանց իշխանությունն ամեն ինչ կանի, որ հնարավորինս շատ մարդ վերադառնա։ Մենք էլ ենք ուզում, որ մեր հայրենակիցները՝ ԼՂ-ի հայերը, վերադառնան։ Բայց նրանք պատրաստ կլինե՞ն արդյոք վերադառնալ այդպիսի Ղարաբաղ։ Իսկ եթե հայերի զանգվածային վերադարձ չլինի, ապա Ղարաբաղի կարգավիճակի հետագա հարցը քննարկելու կարիք չկա։ Մյուս կողմից՝ ՌԴ-ն հետաքրքրված է ավելի շատ հայերի վերադարձով, քանի որ եթե դա տեղի չունենա, ադրբեջանցիները կարող են հարցնել՝ ինչ են անում այնտեղ ռուս խաղաղապահները։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։