AM
1 Դեկտեմբեր 2020 - 12:46 AMT

Վարչապետն ընդունել է Ջորկաեֆ եղբայրներին

Դեկտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական, Ֆրանսիայի Դեսինի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Ուրախ եմ ևս մեկ անգամ հյուրընկալելու ձեզ: Շատ կարևոր է այն գործունեությունը և աջակցությունը, որ Ջորկաեֆների ընտանիքը ծավալում է հանուն Հայաստանի և Արցախի», – նշել է Փաշինյանը:

Յուրի Ջորկաեֆը շնորհակալություն է հայտնել և նշել՝ Ֆրանսիայի հայ համայնքը միշտ նեցուկ կլինի հայ ժողովրդին, Հայաստանին և Արցախին:

«Մենք այսօր այստեղ ենք՝ մարդասիրական, բարոյական աջակցություն տրամադրելու համար և նաև վկայելու հայ-ֆրանսիական ամուր կապերի մասին: Մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը, շարունակելու ենք լինել ձեր կողքին», – ասել է նա:

Նշվում է, որ քննարկվել են ստեղծված իրավիճակում համազգային ներուժի համախմբմանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը, հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին վերաբերող և այլ հարցեր: