AM
5 Դեկտեմբեր 2020 - 06:43 AMT

ՄԻՊ․ ԿԳՄՍՆ-ի մոտեցումները բուհերի և գիտության մասին օրնագծին բացարձակ անթույլատրելի են

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու հարցին, հայտարարել է, որ օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթն ունի՝

1) բովանդակային անընդունելի լուծումներ,

2) մշակման և քննարկման ընթացակարգային խնդիրներ:

Նշվում է, որ չնայած հանրային կարևորությանը, նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի, նիստի օրակարգում ընդգրկվել է որպես չզեկուցվող հարց և ընդունվել առանց քննարկման և ԿԳՄՍ նախարարության այսպիսի մոտեցումները բացարձակ անթույլատրելի են:

Հաշվի առնելով Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված կրթության իրավունքի պահանջները՝ ՄԻՊ-ը ներկայացրել է դիտողությունները։

Նախագծում ամրագրված է, որ նոր ստեղծվող կամ վերակազմավորման, բաժանման, միաձուլման ձևով վերակազմակերպվող բուհում (գիտական կազմակերպությունում) մինչև կառավարման խորհրդի ձևավորումը համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է ռեկտորի (տնօրենի) պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով: Սա նշանակում է, որ նախագիծը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին վերապահում է միանձնյա իրավասություն նշանակելու բուհի ռեկտորի կամ գիտկազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Այս լուծումը խիստ մտահոգիչ է առաջին հերթին հենց բուհերի ինքնակառավարման իրավունքի, ակադեմիական և հետազոտությունների ազատության երաշխավորման տեսանկյունից: ԿԳՄՍ նախարարին նման իրավասություն վերապահելն անթույլատրելի ու այն էլ կոպիտ միջամտություն է բուհի կամ գիտական կազմակերպության ինքնակառավարման սահմանադրական իրավունքին։

Նշվում է, որ խոցելի է նախագծի 39-րդ հոդվածի 13-րդ մասի լուծումը. ԿԳՄՍ նախարարին բուհի ռեկտոր կամ գիտական կազմակերպության տնօրեն նշանակելու իրավասությունը հակասում է կրթության իրավունքի երաշխավորման իրավաչափ նպատակի էությանը: Ընդ որում, այս կանոնը ներկայացված է՝ իբրև նախագծի անցումային դրույթ:

Անթույլատրելի է նաև նման պահանջը ներկայացնելը՝ որպես անցումային դրույթ ու այն էլ այն մասին, որ ԿԳՄՍ նախարարի կողմից նշանակվող ռեկտորը կամ տնօրենը կարող է պաշտոնավարել ամբողջ 5 տարի ժամկետով: Այսինքն՝ ստացվում է, որ անցումային դրույթի ուժով նախարարը կարող է որևէ անձի նշանակել պաշտոնավարության այն նույն ամբողջական ժամանակահատվածով, որ կարող էր անել սովորական պայմաններում:

Նախագծի այս կարգավորումները հակասում են նաև Եվրոպական համալսարանների մեծ խարտիային, Բարձրագույն կրթության որակի ապահովման Եվրոպական ասոցիացիային (ENQA), Համաշխարհային բանկի Հայաստանի վերաբերյալ զեկույցին և միջազգային այլ պահանջների:

Նախագիծը պարունակում է նաև բուհական ինքնավարության համար խոցելի դրույթներ, որոնք վերաբերում են բուհի կառավարման խորհրդի կազմի համամասնությանը:

Այսպիսով, նախագծի կարգավորումներն ուղղակիորեն վտանգում են ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված կրթության իրավունքն ու հակասում են այդ իրավունքի հիմքում ընկած բուհերի ինքնակառավարման իրավունքին, ակադեմիական և հետազոտությունների ազատությանը:

Նախագծի լուծումները չեն արտացոլում նաև կրթության և գիտության ոլորտի, բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների հրապարակային, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին նրանց առանձին ներկայացրած մտահոգությունները: Ընդ որում, ինչպես երևում է Երևանի պետական համալսարանի դեկանների դեկտեմբերի 4-ի հայտարարությունից, խոսքը վերաբերում է բազմաթիվ ու այն էլ էական դիտողությունների, որոնք առնչվում են Հայաստանում կրթության և գիտության զարգացմանը:

«Ստեղծված պայմաններում Կառավարությունը ու առաջին հերթին ԿԳՄՍ նախարարը պարտավոր են ներկայացնել հիմնավոր պարզաբանումներ, թե ինչով է պայմանավորված նախագծերի այս փաթեթի ընդունման հարցում նման չպատճառաբանված շտապողականությունը հանրային կարևորության այս հարցի վերաբերյալ՝ որպես չզեկուցվող հարց Կառավարության նիստի օրակարգում այն ներառելով ու նիստում դա որևէ քննարկման չարժանացնելով: Եվ դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ երկրում շարունակում է գործել ռազմական դրությունը, պատերազմի հետևանքով առաջ են եկել հրատապ լուծում պահանջող սոցիալ-տնտեսական ու հումանիտար բազմաթիվ խնդիրներ:

Հետևաբար, եթե Ազգային ժողովի կողմից նախագիծն այս տարբերակով ու առանց մասնագիտական հանրության դիտողությունները հաշվի առնելու ընդունվի, ապա դիտարկելու եմ Սահմանադրական դատարան դիմելու հարցը՝ առաջնահերթ հենց կրթության իրավունքը երաշխավորող Հայաստանի Սահմանադրության 38-րդ հոդվածին հակասության հիմքով:

Ավելին, կդիտարկեմ նաև դիմումի հետ միասին վիճարկվող դրույթների գործողությունը կասեցնելու միջնորդություն Սահմանադրական դատարան ներկայացնելու հարցը»,-ասվում է հայտարարության մեջ։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշումը կառավարությունը կայացրել է դեկտեմբերի 3-ի նիստում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե այն «արտացոլում է բարձրագույն կրթության ու գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում և Եվրոպական հետազոտական տարածքում ինտեգրումը սերտացնելու, բարձրագույն կրթության, գիտության և տնտեսության համակարգված փոխկապակցվածության, գիտահետազոտական ու նորարարական գործունեության և կրթական համակարգի արդյունավետ փոխգործակցության, բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման արդյունավետության և գիտական ոլորտում ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը»։