AM
5 Դեկտեմբեր 2020 - 11:16 AMT

Լրագրող․ Արավուսի գյուղապետը 33 հոգանոց ջոկատով ադրբեջանցիների հետ բանակցում է, որ առաջ չգան (Վիդեո)

Սյունիքի մարզի Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանն իր ջոկատով գնացել է ադրբեջանցիների հետ բանակցելու, որ առաջ չգան, նրանց ջոկատը հսկում է ռազմական ու ստրատեգիական նշանակություն ունեցող Թուրուսի խութը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Նանե Արզումանյանը՝ հրապարակելով նաև «բանակցություններից» տեսանյութ։

Արավուսը գտնվում է Սյունիքի մարզի Տեղ համայնքում, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում, լեռնալանջի վրա։

Լրագրողը գրել է, որ համայնքապետի ջոկատը չունի պետական որևէ աջակցություն։

«Ուզում եմ հասկանալ՝ պետական կառույցներն ինչ են անում հիմա, ուզում եք վերջնական, Գորիսի գյուղերը դատարկելով, առաջ գան թուրքերը: Քիչ առաջ էլ խոսեցի գյուղապետի հետ, մարդիկ կանգնել են փաստի առաջ, 33 հոգով ջոկատ են կազմել ու տարրական պայմանները չունեն: Մեկ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա գոնե տրամադրեք, որ կարողանան պատշաճ կերպով հերթափոխն իրականացնել»,-գրել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։