AM
7 December 2020 - 07:23 AMT

Տեր-Պետրոսյան․ Փաշինյանի վարչակազմն անհապաղ պետք է հեռանա, բայց սահմանադրական ճանապարհով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին անդրադարձել է երկրում քաղաքացիական պատերազմի վտանգին՝ նշելով, որ վարչապետի ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքն ավելի խորացրեց իր մտավախությունը երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին:

Նա նշել է, որ , վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա, բայց ոչ թե ներազգային բախումների, այլ բացառապես սահմանադրական ճանապարհով, գրում է Ilur.am-ը։

«Մանուկյանը նշագծում է Փաշինյանի հեռացման երկու ճանապարհ` կամավոր կամ բռնությամբ: Հոշոտել և զոռով բառերը այլ բան, քան բռնություն չեն նշանակում: Եթե սրանք միայն խոսքեր լինեին, ապա դեռ շատ մտահոգվելու կարիք չէր լինի: Բայց Մանուկյանի առաջնորդած բազմամարդ երթի կողմից վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակման և Փաշինյանի ընտանիքի ահաբեկման զազրելի արարքը ոչ այլ ինչ է, քան բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն:

Եթե սա լիներ հակամարտող կողմերից միայն մեկի դիրքորոշումը, այն դեռևս մեծ վտանգ չէր ներկայացնի: Մինչդեռ Մանուկյանն անզգուշորեն անտեսում է այն հանգամանքը, որ նույնպիսի դիրքորոշում է որդեգրել նաև մյուս` Փաշինյանի կողմը: Վերջինիս պահվածքը և հռետորաբանությունը ցույց են տալիս, որ նա ամենևին մտադիր չէ կամավոր հեռանալ, այլ պատրաստ է ցանկացած առճակատման: Հետևաբար, եթե երկու կողմն էլ վճռական են տրամադրված, ապա բախումն անխուսափելի է:

Մի՞թե դրանում համոզվելու համար մեր ժողովրդին ապացույցներ են պետք: Մի՞թե հասկանալի չէ, որ, թեև ոչ ինտելեկտուալ առումով, բայց իրենց խառնվածքով, համառությամբ, արկածախնդրական հակումներով և մինչև վերջ գնալու մոլուցքով Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են: Հանրությունը մոռացե՞լ է, արդյոք, որ երկուսն էլ Խորհրդարանը գրոհելու մեծ փորձ ունեն, ինչը «փայլուն կերպով» կիրառել են 1996 և 2018-ին»,-ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Տեր-Պետրոսյանի, ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր թիմը իշխանությունը զիջելու ոչ մի պատրաստակամություն չեն ցուցանում։

«Թող տպավորություն չստեղծվի, թե այս հոդվածով ես հակադրվում եմ Վազգեն Մանուկյանին և աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա: Բայց ոչ թե ներազգային բախումների, այլ բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչը պատիվ կբերի հակամարտող երկու կողմերին էլ: Ուստի կոչ եմ անում մեր ժողովրդին` մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին, որոնք, բացի քաղաքացիական պատերազմի սպառնալիքից, չափազանց վտանգավոր են նաև կորոնավիրուսի տարածման անկառավարելի դառնալու նկատառումով»,-ասվում է Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։