Պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների ռազմական հանցագործությունները, դաժանությունները կազմակերպված հայատյացության պետական քաղաքականության արդյունք են, ուղիղ պատճառական կապի մեջ են: Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ խոսքը ոչ միայն ֆիզիկական դաժանությունների, այլև հոգեկան տառապանքների ու տանջանքների մասին է, որոնք մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներ են:
«Ընդ որում, առավել վտանգավոր են ոչ այնքան պարզապես հայասպանության կոչերը, այլ էթնիկ ատելության սերմանումը խորքային արմատներով»,- գրել է Թաթոյանը:
Նա օրինակ է բերել Արցախի հետ կապված՝ Ադրբեջանի նախագահի կեղծ պնդումներն այն մասին, որ հայերը մզկիթներում պահում են կովեր ու խոզեր, պղծում են ադրբեջանական կրոնական հուշարձանները: Կամ կեղծ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն արժեքներ չունեցող երկիր է, որ արհեստականորեն ստեղծված է ադրբեջանական հողերի վրա:
«Ադրբեջանական զինծառայողների վարքագիծն ու խոսքը իրենց իսկ կատարած ու հետո նկարահանած դաժանությունների տեսանյութերում հենց դա են հաստատում. ինչպես իրենք են նշում, «վրեժխնդիր են լինում, հագեցնում են արյան ծարավը» և այլն՝ ակնհայտ իմանալով, որ ոչ միայն մնալու են անպատիժ, այլ արժանանալու են իշխանական ու հասարակական մեծ գովասանքի»,- նշել է նա:
Թաթոյանի խոսքով՝ հայատյացությունը փակ շղթայի մեջ է․ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն խրախուսվում է մշակութային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ ընդ որում, հաճախ երեխաների հատուկ թիրախավորմամբ:
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո ադրբեջանցիները բազմաթիվ ռազմական հանցագործություններ են կատարել։ Տասնյակ տեսանյութեր կան, որտեղ երևում է՝ ինչպես են նվաստացնում և խոշտանգում հայ ռազմագերիներին, պղծում զոհվածների մարմինները, վանդալիզմի ենթարկում հայկական մշակութային կոթողներ։






