Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ի նիստում Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերիների հարցով հրատապ, փակ քննարկում կանցկացնի: Գերիների հարցով քննարկման հեղինակներն ընդդիմադիր երկու խմբակցություններն են` «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»:
Դեկտեմբերի 1-ին ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու հարցերով հրատապ խորհրդարանական քննարկում էին նախաձեռնել։ ԱԺ-ում դեկտեմբերի 8-ին հենց այդ քննարկումը կկայանա դռնփակ։
Քննարկումն ի սկզբանե նախատեսված էր դռնբաց, սակայն նիստի սկզբում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկել է այն դռնփակ անցկացնել, որպեսզի ռազմագերիներին առնչվող որևէ արգելված հայտարարություն չարվի:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահեցրել է` քննարկմանը չեն արվի հայտարարություններ, որոնք որևէ կերպ կարող են վնասել ռազմագերիներին և գերեվարված անձանց:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






