ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, նշելով, որ ընդդիմության կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջադրված վերջանժամկետը սպառվել է ժամը 12:00-ին և հրաժարական չի ներկայացվել, հայտարարել է, որ այս պահից սկսած՝ մինչև 17:00-ն Հայաստանի քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներն անելու, իրենց բողոքը, պահանջը տեղ հասցնելու համար:
«Այս պահից ազատ եք խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար: Չտրվեք սադրանքների, ամեն ինչ պետք է լինի օրինականության և Սահմանադրության շրջանակում»,- ասել է նա՝ դիմելով ժողովրդին, գրում է Panorama.am-ը։
Սաղաթելյանը դիմել է նաև իրավապահ համակարգին՝ ապահովելու Հայաստանի քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը, երբեք չտրվել ու չկատարել Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ չկիրառել ժողովորդի հանդեպ:
Նա մեկ անգամ ևս դիմել է Փաշինյանին՝ հորդորելով հեռանալ անցնցում, «գոնե այս անգամ խնայիր մեր ժողովրդին, պետությանը, պետականությունը»։
Դեկտեմբերի 5-ին «Հայրենիք փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հավաքվածները մեկ անգամ ևս վերահաստատել էին Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջը, հանրահավաքից հետո պահանջը փոխանցել իրեն՝ ժամանակ տալով մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12:00-ն՝ տալ հրաժարական ու հեռանալ:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






