AM
8 December 2020 - 09:57 AMT

Փաշինյանի հրաժարականի պահանջով ցուցարարները փակում են փողոցներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաները։ Նրանք արդեն Երևանի որոշ հատվածներումփողոցներ են փակել։

Ոստիկանները ցուցարարներին բռնի բերման են ենթարկում։ Փակված փողոցների թվում են Աբովյանի որոշ հատվածներ, Մյասնիկյանի, Մոսկովյանի, Սախարովի հրապարակը, Բաղրամյան պողոտայի մի մասը, Ավետիսյան փողոցը։ Ցուցարարները շարժվում են նաև դեպի Հանրապետության հրապարակ՝ վանկարկելով «Նիկոլ՝ դավաճան»։

Դեկտեմբերի 5-ին «Հայրենիք փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ընդդիմադիրները հայտարարել էին, որ Նիկոլ Փաշինյանին ժամանակ է տրվում մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12:00-ն՝ հրաժարական տալ ու հեռանալ:

Վերջնաժամկետի լրանալուն պես ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այդ պահից սկսած՝ մինչև 17:00-ն, Հայաստանի քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներն անելու, իրենց բողոքը, պահանջը տեղ հասցնելու:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։