Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից՝ չպետք է թույլ տալ, պետք է ուղղակի բացառել լարվածության տանող որևէ զարգացում կամ դեպք:
«Երկրի համար պատասխանատու այս օրերին բոլորիս անհրաժեշտ է համախմբվածություն և համերաշխություն։ Պետական մարմիններից յուրաքանչյուրն իր իրավասությանը համապատասխան պարտավոր է սեփական գործողութուններով երկրում երաշխավորել իրավունքի գերակայությունը, ապահովել մարդու իրավունքների բարձր պաշտպանությունը:
Երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հրամայականը յուրաքանչյուրիցս պահանջում է զգոնություն ու առավել մեծ ուշադրություն մեր խոսքի ու վարքագծի հանդեպ՝ հանուն մեր երկրում համերաշխության ու խաղաղության մթնոլորտի ապահովման։ Այս օրերին կարևոր դեր ունեն հանրային ճանաչում ունեցող անձանց խոսքն ու պահվածքը՝ ծառայելով որպես համախմբվածության ու համերաշխության օրինակ»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։
Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է ռեսուրսների ու իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով՝ արտակարգ գրաֆիկով:
«Պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները մարդու իրավունքների պաշտպանության նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաները։ Նրանք արդեն Երևանի որոշ հատվածներում փողոցներ են փակել։Ոստիկանները ցուցարարներին բռնի բերման են ենթարկում։ Փակված փողոցների թվում են Աբովյանի որոշ հատվածներ, Մյասնիկյանի, Մոսկովյանի, Սախարովի հրապարակը, Բաղրամյան պողոտայի մի մասը, Ավետիսյան փողոցը։ Ցուցարարները շարժվում են նաև դեպի Հանրապետության հրապարակ՝ վանկարկելով «Նիկոլ՝ դավաճան»։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, նշելով, որ ընդդիմության կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջադրված վերջանժամկետը սպառվել է ժամը 12:00-ին և հրաժարական չի ներկայացվել, հայտարարել է, որ այս պահից սկսած՝ մինչև 17:00-ն Հայաստանի քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներն անելու, իրենց բողոքը, պահանջը տեղ հասցնելու համար:






