AM
8 Դեկտեմբեր 2020 - 11:49 AMT

Անհնազանդության ակցիաների շրջանակում մետրոյի աշխատանքը կաթվածահար է եղել

Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այդ մասին ասվում է Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում։

Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով դրա երթևեկությունը։

«Այս պահին մետրոպոլիտենը փակ է։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաները։ Նրանք արդեն Երևանի որոշ հատվածներում փողոցներ են փակել։Ոստիկանները ցուցարարներին բռնի բերման են ենթարկում։ Փակված փողոցների թվում են Աբովյանի որոշ հատվածներ, Մյասնիկյանի, Մոսկովյանի, Սախարովի հրապարակը, Բաղրամյան պողոտայի մի մասը, Ավետիսյան փողոցը։ Ցուցարարները շարժվում են նաև դեպի Հանրապետության հրապարակ՝ վանկարկելով «Նիկոլ՝ դավաճան»։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, նշելով, որ ընդդիմության կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջադրված վերջանժամկետը սպառվել է ժամը 12:00-ին և հրաժարական չի ներկայացվել, հայտարարել է, որ այս պահից սկսած՝ մինչև 17:00-ն Հայաստանի քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներն անելու, իրենց բողոքը, պահանջը տեղ հասցնելու համար: