Ազգային անվտանգության ծառայությունը Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում ադրբեջանցու է ձերբակալել, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Ապօրինի կերպով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում անձը հայտնաբերվել է», – հաղորդել են ԱԱԾ-ից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
«Անձն ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է, այլ մանրամասներ չենք կարող հայտնել նախաքննական գաղտնիքի հիմքով պայմանավորված», – հայտնել են ԱԱԾ-ից։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։