Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսևորել բարձր գիտակցություն և զիջել վարչապետի պաշտոնը՝ հնարավոր դարձնելով նոր ու ժամանակավոր կառավարության ձևավորումը։ Այդ մասին ասվում է միության տարածած հայտարարության մեջ։
«Նախորդ հարյուրամյակի ընթացքում մեր ժողովուրդն առերեսվել է ծայրահեղ մարտահրավերների հետ: Բոլոր հանգրվաններում ՀԲԸՄ-ն աշխատել է առաջ մղել հայ ժողովրդի շահերը և ազգի գոյապահպանությանն առնչվող հարցերում պատմականորեն կանգնած է եղել պայքարի առաջին շարքերում՝ առանց ներքաշվելու ներքին քաղաքականության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքի որևէ համայնքում։ Ներկա ժամանակները տարբեր չեն։ Սա մեր պատմության մի նոր շրջադարձային պահ է․․․ Մենք ճգնաժամի մեջ գտնվող ազգ ենք, որին պատուհասել է անկայուն քաղաքական իրավիճակը։ Ուստի արտակարգ քայլեր են անհրաժեշտ` թե՛ խորհդանշական, թե՛ առարկայական։ Մեր երիտասարդ ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր կենսունակությունը և ամրությունն այս ճգնաժամային ժամանակներում։ Հավատացած ենք, որ ներկա և նախկին վարչակազմերի հետ չկապակցված անկախ մի մարմին պետք է առաջնորդություն ստանձնի իբրև անցումային կառավարություն»,-ասվում է հայտարարության մեջ։
Ըստ ՀԲԸՄ-ի` անցումային կառավարությունը պետք է բաղկացած լինի իրենց փորձագիտությամբ և ձիրքերով աչքի ընկած անհատներից, ովքեր կողք-կողքի կաշխատեն Հայաստանից և Սփյուռքից բարձր որակավորում և հարգանք վայելող խորհրդատուների հետ՝ առաջ տանելու երկրի զարգացման օրակարգը` մինչև արդար ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը հնարավոր կդառնա։
Նշվում է նաև, որ, ինչպես բոլոր ժողովրդավարություններում, սա պետք է լինի խաղաղ անցում՝ պահպանելով օրինավորությունը և սահմանադրական ընթացակարգերը:
«Մենք կոչ ենք անում Ազգային ժողովին աջակցել այս անցումային կառավարությանը։ Այս գործընթացում պետք է ներառվի նաև ՀԱԵ-ն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որի առաջնորդությունը մեր ժողովրդի համար միշտ եղել է հույսի փարոս անցյալ ավելի քան 1700 տարիների մարտահրավերներով լի պատմության ընթացքում։
Մենք վերահաստատում ենք Հայաստանի պայծառ ապագան ապահովելու, բզկտված մեր Արցախը վերակառուցելու մեր խոստումը, ինչպես նաև վերահաստատում ենք մեր առաքելությունը հոգալու մեր ժողովրդի հումանիտար ու սոցիալական կարիքները Հայաստանում և ողջ աշխարհում։ Առաջիկա շաբաթներին մեր աշխարհասփյուռ համայնքի առաջնորդներին ժողովելու ենք, որպեսզի միասնականորեն մշակենք պատերազմի հետևանքները հաղթահարելու ռազմավարություններ և արագորեն վերադառնանք պետականաշինության ու զարգացման մեր ճանապարհին»,-ասվում է հայտարարության մեջ։
ՀԲԸՄ-ն սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա»:






