AM
12 Դեկտեմբեր 2020 - 08:58 AMT

Օհանյանը՝ Շուշիից փախնելու լուրերի, զորահավաքի խնդրի, պարտության պատճառների մասին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը ArmNews-ի եթերում անդրադարձել է պատերազմում պարտության պատճառներին, իր՝ Շուշիից փախչելու մասին լուրերին, պատերազմի ընթացքում որտեղ լինելուն, մոբիլիզացիոն խնդիրներին և երկրի ղեկավարության հեռանալու անհրաժաշտությանը։

«Եթե որոշումները բոլորն ընդունվեին ռազմաքաղաքական իրավիճակից հստակ եզրակացությունների հիման վրա, մենք կամ կկանգնեցնեինք ինչ-որ բնագծերում և չէինք ունենա այդքան զոհեր, կամ այդքան զոհեր կունենայինք, հավելյալ ստորաբաժանումներ էլ կնետեինք բոլոր այդ ճեղքված տեղերը և կունենայինք հաղթանակներ, իսկ ես համոզված եմ, որ գոնե լեռնաանտառային պայմաններում Հադրութի, Ջաբրայիլի հատվածներում մենք հնարավորություն ունեինք հակառակորդին կանգնեցնելու այնպես, ինչպես մնացած հատվածներում»,- նշել է Օհանյանը։

Նրա խոսքով՝ 283 կմ բնագիծ կար Արցախի և Ադրբեջանի միջև, 283 կմ-ում մոտավորապես 5 կմ-ը 5 կմ-ի վրա ճեղքում է եղել Թալիշ-Մատաղիսի հատվածում, այնուհետև կանգեցվել է։

«Եվ մոտ 15 կմ հարավային հատվածում և ռազմական մտքի բացակայության պատճառն է, որ չենք կարողացել վերախմբավորումներ իրականացնել և այդ հատվածում կանգնեցնել, էշելոնացնել, ղեկավարել․․․»,- որպես պարտության պատճառներից մեկը մատնանշել է նախկին նախարարը։

Նա նշել է, որ խաթարվել է Պաշտպանության բանակի անձնակազմով շարունակական համալրման գործընթացը․ «Տեսել եմ, թե ինչպես է Արցախի նախագահը միայնակ նետվում այս կողմ, այն կողմ՝ ինչ-որ մի ճեղքվածքը, բացը փակելու համար, բայց ոչ պետական մակարդակի գործունեության շրջանակում»։,

Օհանյանն ասել է, որ համալրման խնդրի մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետին հոկտեմբերի 5-ին` Ստեփանակերտում, և ասել է՝ «սա ձեր հացն է»։

«Եվ այդ մոբիլիազիայի խնդիրը չիրականացվեց, և պլյուս դրան` կարծում եմ, որ պարտության պատճառներից մեկն էլ այն կարգապահության մակարդակն է, որ գոյություն ուներ զորահավաքային ռեսուրսի հետ կապված աշխատանքներում, սկսած նրանց արտաքին տեսքից»,- ասել է նա։

Նա ասել է, որ վարչապետը ճիշտ է` վաշտի հրամանատար չէ, զորամասային օղակ չի կարող ղեկավարել, բայց միևնույն ժամանակ չի հասկանում՝ գերագույն հրամանատարը և գլխավոր շտաբը պարտավոր են ճեղքվածք տված վայրերում վերախմբավորումներ անել՝ հակառակորդին կանգնեցնել։

«Տեսեք՝ մենք ասում էինք՝ 30,000 զորքը հո շրջափակման մեջ չէինք թողնելու։ Եթե 30,000 զորք կար, ինչու էր շրջափակման մեջ, մենք պետք է վերախմբավորում անեինք, այսինքն թերություններից մեկն այն է, որ վերախմբավորում ժամանակին չի իրականցվել և խորքում նախապատրաստված աշխատանքներ չեն տարվել, ընդ որում՝ նախկինում նախապատրաստված դիրքերը չեն զբաղեցվել, դրա համար ստացվել է այնպես, որ մեկ ճանապարհով կամ մեկ արահետով եկել, հասել են Շուշիի մատույց»,- մանրամասնել է Օհանյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները, վարչապետը որոշել են բանակով անցած փորձառու գեներալներին հրամանատարական կետ այցելելու իրավունք չտալ, այդ մարդկանց թվում էր նաև ինքը։

«Ես գտնում եմ, որ, այնուամենայնիվ, փորձառու գեներալներից մի քանիսը պետք է լինեին հրամանատար Ջալալ Հարությունյանի մոտ, որպեսզի իրենց փորձառությամբ համապատասխան աջակցություն ցուցաբերեին՝ առանց խանգարելու միանձնյա որոշումներ ընդունելու հարցերին»,- ասել է նա։

Նա Արայիկ Հարությունյանին ասել է, որ այդ իրադրության մեջ չի կարող թողնել Արցախը ու գնալ, ինչ հանձնարարություն տան` կանի, այնուհետև զբաղվել է խորհրդատվական աշխատանքով Արցախի նախագահի մոտ։ Նա աջակցել է նաև աշխարհազորի ձևավորման, տարածքների պաշտպանության հարցերով խորհուրդատվությամբ, խորքում ինժեներական աշխատանքներ կազմակերպելով։

«Իմ պնդմամբ` հոկտեմբերի 7-ին լայն խորհրդակցություն է անցկացվել պարետային ծառայության և օրինականության, կարգապահության ամրապնդման գծով, որովհետև այդ ուղղությամբ խնդիրներ կային, մանավանդ ասենք զորահավաքային ռեսուրսների հետ աշխատանքների շրջանակներում»․- պատմել է Օհանյանը։

Գեներալ-գնդապետի խոսքով՝ երբ մարտական գործողություններն արդեն ընթանում էին Շուշիի շրջանում, իր նախաձեռնությամբ նաև աջակցել է Շուշիի աշխարհազորի ձևավորմանը։

«Մարտական գործողությունները երբ մոտեցան Շուշի քաղաքին, Քարին տակի շրջաններում էին, ես հայտնվեցի տեղի հրամանատարության մոտ, ես պաշտոնատար անձ չեմ, այն մարդիկ, որոնք շահարկում են որ Շուշիի մարտական գործողությունները ես եմ ղեկավարել, այն մարդիկ, որոնք շահարկում են Շուշիից մենք թողել հեռացել ենք, դրանք այն անձնավորություններն են, որոնք ընդհանուր առմամբ կապ չունեն մարտական գործողությունների հետ և նաև ինչ-որ մեկի պատվերն են կատարում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Շուշիի հրամանատարական կետում էր՝ աշխարհազորի հետ աշխատանքներ էր տանում, երբ նոյեմբերի 5-ին հայտնվել են 3 կողմից շրջափակման մեջ։

Հարցին, թե արդյոք իր գործողությունները եղել են համաձայնեցված Շուշիում կանոնավոր բանակի ստորաբաժանումների հետ, Օհանյանը պատասխանել է՝ ոչ, համաձայնեցված աշխատել է միայն ուղղության հրամանատարի հետ և նաև կապ է ունեցել տեղի աշխարհազորի հրամանատարի հետ։

Ըստ Օհանյանի՝ շրջափակման մեջ հայտնվել են 16 հոգով, ամենատարիքովն ինքն էր՝ 59 տարեկան, և իր ֆիզիկական վիճակով (Օհանյանը ոտքը կորցրել է Արցախյան պատերազմի ժամանակ-խմբ․) պայմանավորված՝ ցանկության դեպքում էլ չէր կարողանա փախչել։

«Խոսքս ուղղում եմ այն լկտիներին, որոնք փորձում են շահարկել այդ ամենը և գցել ինձ վրա։ Այդ իրավիճակում յուրաքանչյուրը այդ 15-ից անցնում էին իմ կողքով նայում էին աչքերիս մեջ՝ ինչ անենք, նրանիցից շատ շատերին ես ասել եմ՝ թողեք և դուրս եկեք, շատ շատերն ինձ ասել են՝ պարոն Օհանյան, բերեք ձեզ հանենք, որովհետև ես ոտքով միայնակ չէի կարող դուրս գալ։ Ես նորից էի համոզում՝ թողեք, դուք գնացեք, դուք կարող եք ոտքով գնալ, ես կմնամ, իմ խնդիրն է դա։ բայց վերջում բանակի հրամանատարությունը որոշեց հրամանատարական կետը տեղափոխել, նրանք ապահովեցին հրամանատարական կետի տեղափոխումը, որովհետև այնուհետև պետք է հրթիռահրետանային հարվածներ հասցնեին և նաև հրամանատարական կետի մերձակայքին»,- մանրամասնել է նախկին նախարարը։

Օհանյանը նոյեմբերի 6-ի առավոտյան է դուրս եկել Շուշիից, հրամանատարական գործառույթ չի ունեցել, պետական, ռազմական պաշտոն չի զբաղեցրել։

Անդրադառնալով պարտությանը հանգեցրած պատճառներին՝ նա նշել է, որ պարտությունը և՛ քաղաքական և՛ դիվանագիտական և՛ ռազմական, հատկապես օպերատիվ ռազմական և օպերատիվ մարտավարական օղակներում էր։

Նա անընդունելի է համարել այն հայտարարությունները, թե դիվանագիտությունը հաղթել է, բանակը՝ պարտվել, քանի որ պատերազմ սկսում է, երբ դիվանագիտությունը վերջանում է։

«Ուզում եմ փակել այն մարդկանց բերանը, ովքեր ասում են՝ բանակն է պարտվել, պարտվել է ոչ թե բանակը, այլ պարտվել է պետությունը։ Բանակը հատկապես զորամասային օղակում անձնվիրաբար կռվել է, կռվել են հրամանատարները, հատկապես գումարտակային օղակում բոլոր հրամանատարները անձնազոհաբեր են կռվել, կռվել են բոլոր սերժանտները, զինվորները, հերոսությունների այնպիսի դրվագներ են ցուցաբերել, որ․․․»,- նշել է նա։

Օհանյանը նշել է, որ ճիշտ չի համարում շահարկել փաստաթղթերը (օրինակ՝ Մադրիդյան), իրարամերժ հայտարարություններ են եղել, որ սկսում ենք նոր էջից, Արցախը Հայաստան է և վերջ, հարցի լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդներին։

«Այդ ամենը բերեց նրան, որ բանակցային գործընթացքում մենք ունեցանք խաթարում, մեկուսացված վիճակ և, այդ ամենից օգտվելով՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունը սկսեցին պատերազմը»,- ասել է գեներալ-գնդապետը։

Նա պարտության պատճառներում թվարկել է ԶՈւ և ՊԲ ղեկավարության արագ չափից ավելի երիտասարդացումը, ԶՈւ կառուցվածքային ոչ արդյունավետ և ոչ համաչափ փոփոխությունները։

Օհանյանի խոսքով՝ սուտ է, թե բնագծերը լավ կահավորված չեն եղել, պաշտպանական բնագծերում եղել են խրամատներ, խրամաբջիջներ, 400-ից ավելի երկարաժամկետ կրակակետ, որոնք դիմահար չեն ճեղքվել, այլ կողային հարվածների արդյունքում։

«Մենք չտեսանք պատժված մարդ, տեսանք ահագին մեծ խորությամբ հետ նահանջած մարդկանց հերոսների կոչումներ շնորհելը, տեսանք գեներալների կոչումներ շնորհելը, եթե այդ ժամանակահատվածում լինեին պատժված մարդիկ․․․»,- ասել է նա՝ հարցնելով՝ արդյոք մեզ պետք է այնպիսի պարտված ղեկավար, որ արտաքին աշխարհում դիվանագիտական գործողություններով չի կարողանալու հետագայում բանակցություններ վարել։

Նա պատմել է, որ սեպտեմբերի 27-ին ինքն ու գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ներկայացել են Պաշտպանության նախարարություն, որտեղ երկու օր իրենց ոչ ոք չի ընդունել։ Ապա նա սեպտեմբերի 28-ին որոշել է անմիջապես մեկնել Արցախ։

Սկզբից ներկայացել է Արցախի նախագահին, ապա մեկնել է ՊԲ հրամանատարական կետ, որտեղ եղել է երեք օր, առաջարկություններ արել մարտական գործողությունների օպերատիվ շարվածքում վերախմբավորումներ, վերադասավորումներ անելու ուղղությամբ։

Ամսի 30-ին եզրակացություններով կարճ զեկույց է ներկայացրել Արցախի նախագահին և ՊԲ հրամանատարին, փաստաթուղթ է ձևակերպել, տվել Մովսես Հակոբյանին, որպեսզի նա ներկայացնի ՀՀ վարչապետին։

«Եզրակացությունը մեկն էր, որ բավականին բարդ իրավիճակ է ստեղծված․․․ որ ՀՀ և Արցախի իշխանությունները ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ամեն ինչ անեն աջակցելու ՊԲ-ին, բանակցային գործընթացը վերականգնելու և նաև համակողմանի ապահովման միջոցառումներ իրականացնելու ՊԲ համար․․․»,- նշել է նա։