AM
14 Դեկտեմբեր 2020 - 07:13 AMT

ՄԻՊ․ ՀՀ պետսահմանը չի կարող սահմանագծվել Google Map-ով կամ GPS-ով

Գուգլ քարտեզի (Google Map) կամ գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող, անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ, գիտական հետազոտությունների արդյունքներ, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ և Ադրբեջանի սահմանային որոշ հատվածներում սահմանագծման աշխատանքներն արվելու են GPS-ի միջոցով։ Նման մոտեցմամբ էր իրականացվել նաև Սոթքի հանքի բաժանումը։

«Անհասկանալի է՝ օրինակ, Գուգլ քարտեզի ո՞ր տարբերակն է հիմք ընդունվում, երբ Գուգլն ինքն է նշում, որ առկա են աշխարհի առցանց քարտեզների բազմաթիվ տարբերակներ: Կամ արդյոք պարզե՞լ ենք՝ ալգորիթմային ի՞նչ համակարգեր կամ տեղորոշման ի՞նչ մեխանիզմ է դրվել առցանց քարտեզի կոնկրետ տարբերակի հիմքում»,-գրել է նա։

Ըստ պաշտպանի՝ սահմանային բնակաայրերում դիտարկումները ևս հավաստում են, որ այդ մոտեցումը «լրջորեն վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները»:

ՄԻՊ խոսքով՝ հարցը պետք է լինի երկրի բացառիկ գերակայությունների թվում, բոլորի առաջնահերթ ուշադրության կենտրոնում:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։