Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր և հարակից գյուղերում ու պետք է ապահովեն այդ տարածքների կարգավիճակի համապատասխանությունը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, ըստ որոնց՝ դրանք եղել են հայկական ուժերի վերահսկողության ներքո ու այդպես էլ պետք է շարունակեն մնալ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի գործողությունները սադրիչ բնույթ ունեն, բայց դրանք ուղղված են նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը։ Խծաբերդի ու Հին Թաղերի ճակատագիրը ՌԴ խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է»,-ասել է նա։
Վարչապետը հիշեցրել է, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները Հին Թաղեր, Խծաբերդ գյուղրեի ուղղությամբ գրոհ են ձեռնարկել ու հսկողության տակ առել։ Գյուղերում քաղաքացիական բնակչություն չի եղել, 6 զինծառայող է վիրավորվել, այլ տուժածների մասին տեղեկություն ևս կա, սակայն տեղանքը անմատչելի է, լրացուցիչ աշխատանքներ են արվում ճշտելու համար։
Վարչապետը նշել է, որ նոյեմբերի 9-ին Զանգելանի ու Կուբաթլուի շրջանների մասին խոսք չի եղել, քանի որ այդ ժամանակ տարածքների 90 տոկոսը Ադրբեջանի հսկողության տակ են եղել, բանակցությունների ընթացքում ըմբռնում է եղել, որ այդ տարածքներին վերաբերող հարցերը լրացուցիչ պետք է ճշգրտվեն։
«ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ կասկածի տակ դրվել չի կարող»,-ասել է նա՝ նշելով, որ Հայաստանի ու Արցախի շուրջ լարվածություն կա, բայց դա սառնասրտորեն պետք է կառավարել՝ ռազմավարական դաշնակիցների հետ համագործակցությամբ։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






