Ընթանում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների, ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:
Այս մասին հայտնում է արտաքին գործերի գերատեսչությունը։
Դեկտեմբերի 12-ին Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները այցելել էին նաև Բաքու։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոպտել էր ՄԽ համանախագահներին և հայտարարել, որ նրանց չի հրավիրել, առաջարկել իրենց ասելիքն ասել տեսախցիկների առաջ։
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերն էլ հայտնել էր, որ համանախագահներն այցելելու են Հայաստան և Ադրբեջան։ Նա նաև ասել էր, որ իրենք մտահոգված են Լեռնային Ղարաբաղի պատերազմի հարցում Թուրքիայի դերակատարմամբ և շարունակում է հարցեր ունենալ պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի լույս գիշերվա համաձայնության շուրջ։
ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներն են Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից, Քաշաթաղից (Լաչինից)։






