Արտակարգ իրավիճակների և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները քննարկում են հանրակրթական դպրոցներում քաղաքացիական պաշտպանությունը, որպես առանձին առարկա դասավանդելու հարցը, աշխատանքային խորհրդակցության մասին տվյալներ են փոխանցում ԱԻՆ-ից։
«Հայաստանում շարունակում է առանցքային մնալ, բոլոր մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, պատսպարանները պատշաճ վիճակի բերելու, դրանք առաջին անհրաժեշտության դեղորայքով, ջրով և չոր սննդով ապահովելու, ազդարարման համակարգերի հարցը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Զեկուցվել է, որ ձմեռային սեզոնով պայմանավորված՝ փրկարարական վարչությունները պատրաստ են ՏԻՄ-երի հետ համագործակցել ճանապարհների անվտանգությունն ապահովելու հարցում:
Խորհրդակցության ավարտին արցախյան պատերազմում մարտական գործողություններին մասնակցելու և քաջություն ցուցաբերելու համար նախարարը «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Գուրգենի Ասլանյանին:
Խորհրդակցության օրակարգի համաձայն՝ նախարարության քաղաքացիական և փրկարարական ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են անցած շաբաթվա ընթացքում նախարարի հանձնարարականների կատարման ընթացքը և իրականացված աշխատանքները:






