Ադրբեջանական կողմի հետ գերիների փոխանակման շրջանակում հայրենիք են վերադարձել ինչպես սեպտեմբերի 27-ից սկսված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորականներ և քաղաքացիականներ, այնպես էլ մինչև այդ գերեվարված անձինք։ Այս մասին տեղեկացրել են իրավաբաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը, որոնք այդ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը հանձն էին առել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
«Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին: Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը:
Միաժամանակ, վերահաստատում ենք դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետևողական քայլերի շարունակականությունը»,- ասվում է Զեյնալյանի գրառման մեջ։
Երևան է վերադարձել 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված և վերադարձված հայ զինծառայողների առաջին խումբը։ Գերիները հայրենիք են վերադարձել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Ավելի վաղ Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել ռազմագերիների խումբ, ինչպես նաև՝ 2014-ին Քարվաճառում սպանություններ և ծանր այլ հանցանքներ կատարած դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։