Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ կողմ է եղել ադրբեջանցի «երկու հանցագործին փոխանակել մեր հերոս տղերքի հետ»:
Դեկտեմբերի 14-ին Երևան է վերադարձել Արցախում պատերազմի ընթացքում գերեվարված 44 գերի։ Գերիները հայրենիք են վերադարձել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Ավելի վաղ Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել ռազմագերիների խումբ, ինչպես նաև՝ 2014-ին Քարվաճառում սպանություններ և ծանր այլ հանցանքներ կատարած դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։
«Ես կողմ էի, որ ադրբեջանցի երկու հանցագործ փոխանակվեն մեր Հերոս տղերքի հետ: Չեմ փոշմանել»,-գրել է Մարուքյանը։
Նա մեկ այլ գրառմամբ էլ տեղեկացրել է, որ դեկտեմբերի 14-ին վերադարձել է նաև 2 տարուց ավելի գերության մեջ եղած բերդավանցի Կարեն Ղազարյանը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






