AM
15 Դեկտեմբեր 2020 - 08:19 AMT

ԱՏՊԳ. Զգույշ լինել գերությունից վերադարձածների մասին հրապարակումներ անելիս

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը լրատվամիջոցներին և քաղաքացիներին հորդորում է զգոն լինել գերությունից վերադարձած անձանց վերաբերյալ հրապարակումներ անելիս, հաշվի առնել համացանցի առանձնահատկությունները, և խուսափել նրանց անձնական տվյալների հրապարակումից:

«Տեղեկությունը համացանցում մնում է հավերժ և հասանելի է անկախ տարածությունից, ուստի հետագայում այն կարող է միջամտել և բացասաբար անդրադառնալ գերությունից վերադարձած մեր հայրենակիցների ու նրանց հարազատների անձնական կյանքին, զրկել նրանց համացանցում մոռացված լինելու իրավունքից»,-նշել են գործակալությունից։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հորդորել են հրապարակումներ անելիս հաշվի առնել համացանցի առանձնահատկությունները և խուսափել գերությունից վերադարձած տղաների անձնական տվյալների, ներառյալ անձնական կյանքի տվյալների անհարկի (չհիմնավորված, ոչ պիտանի, ոչ անհրաժեշտ, ոչ չափավոր) հրապարակումից, նախապատվություն տալ գերությունից վերադարձած անձանց մասին տեղեկությունների ապանձնավորված հրապարակմանը։

Ավելի վաղ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը։ Հայրենիք են վերադարձել ինչպես սեպտեմբերի 27-ից սկսված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորականներ և քաղաքացիականներ, այնպես էլ մինչև այդ գերեվարված անձինք։ Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով հայկական կողմն Ադրբեջանի դեմ գանգատներ էր ներկայացրել Եվրոպական դատարանին:

Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել նաև 2014-ին Քարվաճառում սպանություններ և ծանր այլ հանցանքներ կատարած դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։