AM
16 Դեկտեմբեր 2020 - 09:15 AMT

Շիրակում ճանապարհներ են փակում․ Ակցիայի մասնակիցները գերիների վերադարձն են պահանջում

Շիրակի մարզի մի շարք համայնքներում քաղաքացիները փողոց են դուրս եկել ու ճանապարհներ փակել՝ գերիների վերադարձի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Տասնյակ քաղաքացիներ փակել են Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, փոխանցում է Gala Tv-ն։

Sputnik Armenia-ի փոխանցմամբ էլ Շիրակի մարզում համատարած բողոքի ակցիաներ են, քաղաքացիները պահանջում են գերեվաված մոտ 150 շիրակցու վերադարձը։

Ավելի վաղ հայտարարվել էր, թե Շիրակի մարզից մոտ 150 կամավոր գերեվարվել է Հադրութի շրջանի գյուղերի դիրքերում։ ՊՆ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։

Նրանց հանդիպելու է եկել մարզպետ Տիգրան Պետրոսյանը, նա փորձել է ակցիայի մասնակիցներին փոխանցել պաշտպանության նախարարությունից հեռախոսահամար, սակայն հավաքվածները չեն լսել վերջինիս՝ ասելով, թե համարը կեղծ է։

Շիրակցիներն արդեն փակել են Քեթիի և Ազատանի ճանապարհները և փորձում են փակել Գյումրի-Երևան ավտոճանապարհի` Լանջիկ գյուղի հատվածը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։