AM
16 Դեկտեմբեր 2020 - 10:04 AMT

Վերաքննիչը վերացրել է Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը

Վերաքննիչ դատարանը վերացրել է Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը։ Այդ մասին տեղեկացրել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը, գրում է Aysor.am-ը։

«Շուրջ մեկուկես տարի ձգվող այս քաղաքական-քրեական գործում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արդեն չորրորդ անգամ մատնվում է անհաջողության իր բաղձալի նպատակին հասնելու ճանապահին։

Ցավով պետք է արձանագրեմ, որ եթե (ՀՀ վարչապետ,- խմբ.) Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի նկատմամբ գործ կարելու իր ջանքերի տասը տոկոսն ուղղեր մեր օր օրի փոքրացող հայրենիքի առջև ծառացած արհավիրքները կանխելուն, մեր բոլորիս վիճակն այսօր այդքան ողբալի չէր լինի», – հայտնել է փաստաբանը։

Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել էր 2020-ի սեպտեմբերին։ Պետական եկամուտների կոմիտեում քննվող գործերով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Մինասյանը մեղադրվում էր ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու մեջ։ Մինասյանին կալանավորելու որոշումը կայացվել էր հեռակա, քանի որ վերջինս երկրում չէր, հետախուզման մեջ է։