AM
16 Դեկտեմբեր 2020 - 13:17 AMT

ՄԻՊ-ը գերիների մասին համացանցում հայտնված նոր տվյալները փոխանցել է ԿԽՄԿ-ին

Ադրբեջանական ԶՈւ կողմից հայկական կողմի գերեվարումների վերաբերյալ համացանցում դեկտեմբերի 15-ից տարածվող նոր տվյալները, այդ թվում՝ տեսանյութերը դրանց հրապարակումից անմիջապես հետո արձանագրվել են և փոխանցվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի պատասխանատուին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ փոխանցվող տարբեր տվյալների՝ քաղաքացիներն իրենք են պնդում, որ ճանաչել են իրենց ընտանիքների անդամներին կամ հարազատներին: Այս մասին ՄԻՊ աշխատակազմն ահազանգեր է ստանում դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյից: Նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին են ներկայացվել առկա մանրամասները:

«Գերեվարման փաստերի կամ տվյալների ստուգման, հաստատման, հանրությանը ու հատկապես գերեվարման ցանկացած հնարավոր իրավիճակի առնչությամբ ընտանիքների անդամներին պատշաճ տեղեկություններ փոխանցելու համար պետական կառավարման պատասխանատու պետական մարմինները պարտավոր են գործել բացառիկ նախաձեռնողականությամբ՝ առանց սպասելու իրենց ուղղված դիմում կլինի, թե ոչ:

Նման դեպքերում նրանք պարտավոր են հրատապ կարգով տեղեկություններ փոխանցել իրենց կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Սա պետք է լինի աշխատանքի անընդհատ գերակա սկզբունք: Հակառակ պարագայում ապատեղեկատվությունը միայն խորացնելու է անորոշությունը և անպաշտպանվածության զգացումը հասարակությունում, ինչն արդեն համակարգային վտանգներ առաջացնելու ռիսկեր ունի»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։

Ավելի վաղ ադրբեջանցիները լուսանկարներ ու տեսանյութ էին տարածել, թե 44 փոխանակված հայ գերու փոխարեն 100 նոր գերի են վերցրել։ Լուսանկարում և տեսանյութում հայկական համազգեստով զինվորականներ են երևում։ Դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։