AM
17 Դեկտեմբեր 2020 - 06:39 AMT

ՄԻՊ․ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քարոզը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի բացահայտ քարոզը հայերի նկատմամբ:

ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ հայերի կյանքի, սեփականության ու մյուս իրավունքների խախտումներն ունեն երկարատև կամ ցմահ բացասական հետևանքներ դրանց զոհերի համար։

Նա 18 կետից բաղկացած տվյալներ է ներկայացրել՝ շեշտելով, որ թշնամանքի քարոզի նկատմամբ միջազգային հանրության դատապարտելի անտարբերությունն է այն գլխավոր նախապայմաններից մեկը, որ հանգեցրել է Արցախում ադրբեջանական ԶՈւ կողմից հայերի նկատմամբ լայնածավալ խոշտանգումների ու դաժանությունների։

« 1. Ադրբեջանի նախագահը շարունակում է իր հրապարակային ելույթներով գեներացնել ատելություն ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, տալ Հայաստանի ամբողջ բնակչությանն ուղղված սպառնալիքներ, անել վիրավորական ու ատելություն բորբոքող արտահայտություններ:

2. Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը 2020-ի դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած ռազմական միջոցառման ընթացքում ունեցել է Հայաստանի ամբողջ ժողովրդին ուղղված համակարգային ատելությամբ ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով լի հրապարակային ելույթ: Նույն միջոցառման ժամանակ ՀՀ ժողովրդի կյանքին ուղղված ավելի բացահայտ սպառնալիքներով, Հայոց ցեղասպանության կազմակերպիչների փառաբանումով ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահը:

3. Դատապարտելի է հատկապես այն, որ այդ ելույթներից հետո նույնական ձևակերպումներով ելույթ Ադրբեջանի նախագահն ունեցել է ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների ներկայությամբ, 2020-ի դեկտեմբերի 12-ի հանդիպմանը:

4. Ադրբեջանի նախագահի դեկտեմբերի 12-ի ելույթը լի է հայատյացությունն ու թշնամանքը խորացնող արտահայտություններով, հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների բացահայտ սպառնալիքներով:

5. Այդ նույն ելույթում օգտագործվել են հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիությամբ խորքային, այդ թվում՝ կրոնական հիմքով ատելություն գեներացնող արտահայտություններ:

6. Ադրբեջանի նախագահն այնուհետև դեկտեմբերի 12-ի նույն ելույթում նշում է, որ ՀՀ ամբողջ ժողովրդին ուղղված իր բացահայտ սպառնալիքները Հայաստանին պետք է փոխանցի միջազգային հանրությունը և այդ ամենը նա անում է միջազգային գործիչների ներկայությամբ ու այն էլ հրապարակային ելույթով:

7. Ատելություն ու թշնամանք սերմանող ձևակերպումները Ադրբեջանի նախագահի նախորդ հրապարակային խոսքերի ու ելույթների ակնհայտ շարունակությունն են: Օրինակ՝ մի դեպքում նա հայտարարել է, թե «Հայաստանն արժեք չունեցող երկիր է: Դա գաղութ է, արտասահմանից ղեկավարվող տարածք»: Մեկ այլ դեպքում հայերին անվանել է վայրի գազաններ ու գիշատիչներ:

8. Ադրբեջանի նախագահի նման ելույթներից հետո ադրբեջանական լրատամիջոցներն ու սոցիալական մեդիան համատարած լցվում են նույնատիպ ձևակերպումներով:

9. ՄԻՊ գնահատմամբ՝ հենց նման ելույթներն են տարիների ընթացքում Ադրբեջանում ձևավորել հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի քարոզի ինստիտուցինոնալ համակարգ։

10. Նման ելույթներն են ուղիղ պատճառ այն բանի, որ սեպտեմբեր-նոյեմբերին ադրբեջանական ԶՈւ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դաժանության աստիճանով նույնիսկ չեն տեղավորվում մարդկային երևակայության մեջ:

11. Նշված դաժան հանցագործությունների տեսանյութերի մասնագիտական հետազոտությունը հաստատում է, որ ադրբեջանցի զինվորականները հայկական կողմի զինվորներին կամ քաղաքացիական անձանց խոշտանգելիս կամ նրանց սպանելիս, զոհվածների մարմինների տարբեր մասեր կտրելիս, որպես ոգեշնչման աղբյուր, բացարձակ նույնությամբ օգտագործում են այն արտահայտությունները, ինչ Ադրբեջանի նախագահը:

12. Ուստի, Ադրբեջանի նախագահի նշված ելույթներն ուղղակիորեն հաստատում են պատերազմական և մարդկության դեմ ուղղված այն հանցագործություններն ու դաժանությունները, որոնք ադրբեջանական ԶՈւ 2016-ի ապրիլ, 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կատարել են ու մինչ օրս շարունակում են կատարել:

13. Հատկապես մտահոգիչ է, որ Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդին ուղղված վիրավորանքներով լի ու թշնամանք քարոզող ելույթը դեկտեմբերի 12-ի ունեցել է միջազգային գործիչների ներկայությամբ ու զարմանալիորեն դրանից հետո նա չի արժանացել այդ գործիչներից որևէ մեկի դատապարտման կամ անգամ նրանց ինչ որ քննադատության:

14. ՄԻՊ գնահատմամբ՝ ատելության ու թշնամանքի քարոզի նկատմամբ միջազգային հանրության հենց նման դատապարտելի անտարբերությունն է այն գլխավոր նախապայմաններից մեկը, որ հանգեցրել է Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ համակարգային ու լայնածավալ խոշտանգումների ու դաժանությունների:

15. Նման ծայրահեղ վտանգավոր երևույթները պետք է պարտադիր արժանանան միջազգային համաշխարհային հանրության խիստ դատապարտմանը:

16. Անպատժելիությունը առաջ է բերում նոր դաժանություններ ու խոշտանգումներ:

17. Միջազգային կառույցները պետք է ապացուցեն, որ տեր են իրենց կոչմանն ու առաքելությանը, որ դեռ շարունակում են հավատարիմ մնալ իրենց իսկ սահմանած միջազգային կանոններին:

18. ՄԻՊ անդրադարձը այս երևույթներին պայմանավորված է ադրբեջանական ԶՈւ կողմից հայերի կյանքի, սեփականության ու մյուս իրավունքների ամենակոպիտ խախտումները, խոշատնգումների ու դաժանությունների իրական պատճառներն ու նպատող պայմանները արձանագրելու, վերլուծելու ու միջազգային հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությամբ»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։