Սյունիքի մարզում փակ է Մ2 մայրուղին, փողոց են դուրս եկել կապանցիները և քաջարանցիները, PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Մ2 մայրուղին Կապանից դեպի Մեղրի ձգվող գլխավոր ավտոճանապարհ է:
Քաղաքացիներն իրենց մեքենաներով փակել են մայրուղու մի հատված՝ բողոքելով սահմանների անվտանգությունից, փոխանցում է Para Tv-ն։
Կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում փոխվարչապետ Ավինյանը հայտնել էր, որ սահմանապահ զորքերը երկրի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ։ Ավելի ուշ Կապանի քաղաքապետը հայտնեց, որ մարզում երկու ավտոճանապարհ մնում է ադրբեջանական տարածքում։ Կապանից դեպի գյուղ Ագարկան տանող ավտոճանապարհը կմնա ադրբեջանական կողմին, իսկ գյուղ հնարավոր կլինի հասնել ավելի հին ճանապարհով։ Գորիս-Կապան մայրուղու այն հատվածները, որոնք Ադրբեջանին անցած տարածքում էին մնում, կհսկվեն հայ ու ռուս սահմանապահների կողմից։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






