Ադրբեջանի սահմանը Սյունիքի մարզի Գորիս համայնքից որոշ հատվածներում մի քանի մետր է հեռու, որոշներում մտնում է հենց համայնքի մեջ, այսինքն՝ ՀՀ-ն սնուցող գլխավոր ճանապարհը վտանգված է, հայտարարել է համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, փոխանցում է Aysor.am-ը։
«Մենք չենք ուզում համաձայնել, քանի որ Սյունիքի մարզը դրվում է վտանգի տակ, և այդ գործընթացի շարունակականության դեպքում Սյունիքը միանշանակ կկորցնենք: Չենք պատրաստվում այդ ծախված գործընթացին մասնակից լինել»,- հայտարարել է նա:
Ըստ Հովսեփյանի՝ սահմանից տասնյակ կիլոմետրեր առաջ հայկական կողմը կարևոր դիրքեր ունի, ու դրանք փոխանցում է Ադրբեջանին։
«Կարևոր նաև անվտանգության խնդիր, այդ խնդիրը հետևյալ կերպ է լուծվել՝ մարզի բոլոր համայնքների ղեկավարները կազմել են ինքնապաշտպանական ջոկատներ, մեր պետական սահմանից տասնյակ կիլոմետրեր առաջ խրամատներում դիրքերը պահել են մինչև այսօր։ Երեկ դավաճան կոչվածը հստակ հրամաններ է տալիս, որ բոլորը պետք է հետ վերադառնան։ Այդ դիրքերը հենց այն բուֆերային զոնան էր, որը պետք է պահեր Սյունիքի մարզի անվտանգությունը։ Էսօր մենք կորցնում ենք այդ անվտանգության գոտին ու ոչ ոք չի պատկերացնում՝ ինչ է լինելու սրա վերջը»,-ասել է նա, փոխանցում է «Փաստինֆոն»։
Նա նշել է, որ գորիսեցիները պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարականը։
Ավելի վաղ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 18-ին մինչ 17:0-ն Կապանի 13 համայնքի բարձունքները՝ շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն: Դեկտեմբերի 18-ի կեսգիշերին էլ Սյունիքի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը կոչ էր արել ինքնապաշտպանության գնալ, քանի որ բարձունքները հանձնելով ադրբեջանական ուղիղ հսկողության տակ են հայտնվելու Շուռնուխն ու մի շարք այլ գյուղեր։ Բարձունքներ հանձնելու լուրերին զուգահեռ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարել էր, թե ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր Ադրբեջանին չի հանձնվում։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






