Հանրապետության հրապարակից վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա աջակիցները պատրաստվում են հիշատակի երթի գնալ՝ դեպի Եռաբլուր, փոխանցում է Factor Tv-ն։
Հրապարակում հավաքված քաղաքացիները վանկարկում են վարչապետի անունը, աջակցության խոսեր հնչեցնում նրա հասցեին, ինքը Փաշինյանը հորդորել է երթին լուռ մասնակցել։
Միևնույն ժամանակ Եռաբլուրում արդեն հավաքվել են ազատամարտիկներ ու զոհվածների հարազատները, նրանք հայտարարել են, թե պատրաստվում են «քաղաքակիրթ ձևով հորդորել Փաշինյանին չմտնել Եռաբլուր»։
«Նա գերագույն գլխավոր մեղավորներից է, որ այստեղ այսքան ավելացել է զոհերի քանակը, և իր ցինիկ պահվածքով չպետք է գտնվի այստեղ։ Այստեղ արժանապատիվ հայեր են, այստեղ պառկածները հանուն հայրենիքի մարտնչած տղաներ են, այստեղ իրենց կյանքը չխնայելով հայրենիք պահպանած տղաներ են, և կապիտուլյացիայի ստորագրություն տված ինչ-որ սուբյեկտ չի կարող այստեղ ոտք դնի»,-հայտարարել է պատերազմի զոհերից մեկի հարազատը, փոխանցում է Aysor.am-ը։
Ընդդիմադիրներն Արցախում պատերազմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել դեկտեմբերի 18-ի երեկոյան ու հայտարարել, որ թույլ չեն տալու Փաշինյանի մուտքը Եռաբլուր։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






