AM
22 Դեկտեմբեր 2020 - 10:11 AMT

Երևանի ավագանին 3 նոր անդամ ունի. «Իմ քայլը» լքելու ևս 2 դիմում կա

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակից ընտրված և լիազորությունները վաղաժակետ դադարած ավագանու անդամներ Արսեն Կարապետյանի, Հայկ Ցիրունյանի և Մեսրոպ Պապիկյանի մանդատները տրվել են հերթական հաջորդ թեկնածուներ Սերգեյ Գյոզալյանին, Վահե Օհանջանյանին և Կարինե Փանոսյանին:

Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնել է, որ Փանոսյանը ևս դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին, նրա մանդատը տրվել է հերթական հաջորդ թեկնածու Գևորգ Աճեմյանին:

«Իմ քայլը» խմբակցության անդամներ Էռնեստ Ավանեսովը և Սերգեյ Գյոզալյանը դիմումներ են ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին: Նրանք կշարունակեն ավագանու անդամի իրենց լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում աշխատանքները:

Նոյեմբերի 10-ի պատերազմի եռակողմ համաձայնությունից հետո մանդատից հրաժարվել են նաև «Իմ քայլի» մի քանի պատգամավոր։ Հրաժարական են տվել կամ աշխատանքից ազատվել են նաև կառավարության որոշ անդամներ, այդ թվում՝ պաշտպանության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների նախարարները։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։