Քննչական կոմիտեում ավարտվել է քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) կողմից Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություն հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթում կատարելու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքերի առթիվ հարուցված և մեկ վարույթում միացված քրգործի նախաքննությունը: Նրան մեղադրանքներ են առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
ՔԿ-ից հայտնում են, որ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով, 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով:
Ըստ ՔԿ-ի՝ Վարդանյանը 2012-ին Վարդանյանը բռնություն գործադրելու սպառնալիքով, ծանոթ պարտապանից, ով իրեն դիմել է պարտք վերադարձնելու հարցում աջակցելու խնդրանքով, պահանջել և ստացել է $50,000 և ընդհանուր 60.2 մլն դրամին համարժեք գումար, առանձնատուն ու ավտոմեքենա: 20 մլն դրամ արժողությամբ առանձնատունն օրինականացնելու համար կնքվել է վաճառքի ձևական պայմանագիր, այն օրինականացվել է՝ առանց նախատեսված գումարը վճարելու:
Վարդանյանը ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում կալանավորված լինելով՝ իմացել է համաներման օրենքի մասին, համաձայն որի՝ առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև 3 տարեկան երեխա ունենալու դեպքում կարող են ազատվել պատժից։ Նա նախնական համաձայնության է եկել միայնակ մոր հետ, վերջինիս դստեր կենսաբանական հայրը հանդիսանալու մասին սուտ տեղեկություններ տվել՝ պատասխանատվությունից ազատվելու համար հիմքեր ստեղծելու նպատակով։ Այդ կեղծ փաստաթղթով Վարդանյանի նկատմամաբ 2019-ին նկատմամբ քրհետապնդումը դադարեցվել էր և գործով վարույթը կարճվել։






