Էրեբունու նախկին ղեկավարին, նրա որդուն և նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել` դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էրեբունի համայնքի նախկին ղեկավար ղեկավար՝ Դ.Գ-ին., վերջինիս որդուն՝ Թ.Գ.-ին, և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ա.Օ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (ինքնիրավչություն) 1-ին մասով (պատժվում է տուգանքով կամ 2-3 ամիս կալանքով, կամ մինչև 5 տարի ազատազրկմամբ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
2020-ի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:10-ից սկսած, մոտ 40 րոպե խաթարվել էր մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը, քանի որ ակցիա իրականացրած մի խումբ անձինք կանգնել էին կառամատույցի երկու կողմում կայանված գնացքների դռների մոտ՝ թույլ չտալով, որպեսզի դրանք փակվեն և գնացքներն աշխատեն: Արդյունքում՝ մետրոպոլիտենի գործունեությունն ամբողջությամբ կանգնել էր, և բազմաթիվ ուղևորներ չէին կարողացել օգտվել դրա ծառայություններից:
Նախաքննությունը շարունակվում է:
«Ինչ վերաբերում է օրերս համայնքի նախկին ղեկավարի կողմից արված հայտարարություններին, թե, իբր, ինքն ակցիային չի մասնակցել, ակցիա չի իրականացրել, ապա հարկ ենք համարում նշել, որ համացանցում լայնորեն տարածվել է տեսագրություն, որտեղ հստակ երևում է, որ համայնքի նախկին ղեկավարը ոչ միայն մասնակցում է, այլև՝ ակտիվ գործողություններ է իրականացնում», – ասվում է հաղորդագրության մեջ:
Քննչական կոմիտեն նաև տեսագրությունն է հրապարակել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






