AM
23 Դեկտեմբեր 2020 - 08:40 AMT

Մարուքյան․ Կենսական են Սյունիքում ռուսական նոր ռազմաբազայի տեղակայման շուրջ հրատապ բանակցությունները

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Սյունիքի մարզին սպառնացող անվտանգային մարտահրավերներին, հայտարարել է, որ ԼՀԿ-ի համար կենսական անհրաժեշտություն է համարում Սյունիքում ռուսական նոր ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսելը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները փաստահավաք այց կատարել է Սյունիքի մարզի այն համայնքներ, որոնց սահմաններին, պատերազմի արդյունքում, անթույլատրելիորեն մոտ են դարձել Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը։

Նշվում է, որ արցախյան 2020թ. պատերազմն էականորեն փոփոխության է ենթարկել Հարավային Կովկասում առկա գեոպոլիտիկ դրվածքները, կոտրել Հայաստանի՝ վերջին 26 տարվա ընթացքում ունեցած անվտանգության համակարգը։

«Անկասկած, Ռուսաստանիը որոշիչ դեր է խաղացել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։

Այդ իսկ պատճառով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո հայտարարեց ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար անվտանգության նոր մեխանիզմների ներդրման, մասնավորապես՝ ՀՀ և ՌԴ միջև խորացված ռազմաքաղաքական համագործակցության նոր պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին։

Ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում է միևնույն անվտանգային գոտում, ինչ ՌԴ-ն՝ առկա ռազմաքաղաքական պայմանագրային բազայի գործողության պայմաններում, մասնավորապես՝ Հավաքական անվտանգության պայմանագիրը և 5 միջպետական պայմանագրերը։ Առաջարկում ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև խորացված ռազմաքաղաքական փոխգործակցության մեկ լայն պայմանագրում միավորել միջպետական պայմանագրերը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նոր պայմանագրում պետք է հատուկ տեղ գրավի Սյունիքի մարզի անվտանգությանը։ Ակնհայտ է, որ Արցախում ռազմական-ռազմավարական դիրքերի փոփոխությունները ստեղծել են Սյունիքում խաղաղ և անվտանգ կյանքի համար մի շարք սպառնալիքներ. խոսքը մասնավորապես Մեղրի քաղաքին և հարակից բնակավայրերին, Կապանի շրջանի վարչական և տնտեսական կենտրոնի սահմանային դիրքին, Գորիսին և մի շարք հարակից համայնքներին (մասնավորապես՝ Շուռնուխ, Որոտան, Տեղ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Դավիթ Բեկ), ինչպես նաև ԵԱՏՄ երկրներն Իրանին կապող՝ Գորիս-Կապան միջպետական ավտոմայրուղուն ադրբեջանական ուժերի անմիջականորեն մոտ լինելու մասին է։

Նշվում է, որ տեղակայվելու դեպքում նոր ռազմաբազան կդառնա մի կողմից՝ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի արդյուավետ, արագ և շարժուն գործունեության հենարան, մյուս՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխավոր, որը մտնում է ՀԱՊԿ միասնական անվտանգային գոտու մեջ, ինչպես նաև սահման հանդիսանում ԵԱՏՄ և Իրանի միջև, որի հետ գործում է ազատ առևտրի գոտու կազմավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնության ռեժիմ։

«Այդ իսկ պատճառներով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն սկսել է մեր կողմից առաջարկվող պայմանագրի և Սյունիքում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հիմնական դրույթների մշակումը, և մենք պատրաստվում ենք ակտիվորեն առաջ մղել տվյալ մեխանիզմի իրագործումը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ։ Խոսքը Կապանին հարակից՝ քաղաքից արևելք գտնվող Ագարակ գյուղի, այլ ոչ Սյունիքի հարավային Ագարակ քաղաքի մասին է։ Հայկական ուժերը հետ են քաշվել 13 գյուղի մերձակա բարձունքներից։