AM
24 Դեկտեմբեր 2020 - 08:08 AMT

Սիսիանի քաղաքապետ․ Ինչ հարց տվել ենք ՊՆ ղեկավարին, ասել է՝ չեմ տիրապետում, կամ՝ դուք ճիշտ եք

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը, անդրադառնալով Սյունիքում ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանը, նշել է, որ նախարարն ասել է, որ անվտանգության երաշխիքներ չկան»։

«Երեք ժամ զրուցել ենք: Ինչ հարց տվել ենք՝ կամ ասել է՝ ես չեմ տիրապետում, կամ ասել է՝ դուք ճիշտ եք: Ես հարց եմ տվել, որ եթե ես գնամ Կապան, ճանապարհին թուրքը գա, կանգնեցնի, մեզ սպանեն, ո՞վ է մեր անվտանգությունն ապահովում: Ասում է՝ ոչ ոք չի կարող ապահովել»,-ներկայացրել է Սարգսյանը նախարարի հետ զրույցի մանրամասները, գրում է «Առավոտը»։

Սիսիանի համայնքապետը նշել է նաև, որ Վաղարշակ Հարությունյանն ասել է, թե 1991-1992 թվականներին էլ է այդպես եղել, նորմալ է:

«Դա իր բառացի խոսքերն են: Երկրորդ հարցը, որ ասել ենք, որ նոյեմբերի լույս 10-ի հայտարարության մեջ Որոտանի, Շուռնուխի խնդիրը չի եղել: Ինքը մեկ օր առաջ եկել, ասում է՝ վաղը ժամը 5-ին պետք է ազատեք: Ասում է՝ մենք էլ տեղյակ չենք եղել: Նշանակում է՝ վարչապետը այդ ամենը ստորագրել է առանց որևէ մեկի տեղյակ լինելու»,-ասել է Սարգսյանը։

Սիսիանի համայնքապետը հավելել է, որ Սյունիքի մարզում նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է Հարությունյանին․ «Ես ցավում եմ, որ մեր երկրի պաշտպանության նախարարը ձեզ նման մարդ է»:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։