Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ զգուշացրել է, որ ԱԺ իշխող խմբակցության որևէ պատգամավորի կամ այլ պաշտոնյայի իրավունքների շրջանակից դուրս է ՄԻՊ գործունեությանը վերաբերող շահարկումներ անելն ու դրա մասին հասարակությունում սխալ պատկերացոմներ տարածելը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջոմ։
Վերջին օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ,գործադիր իշխանությունը ձևավորած և խորհրդարանի կառավարող խմբակցության մեծամասնությունը կազմող՝ հանրային դաշտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունության համար պատասխանատուն տարածում են ՄԻՊ-ի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, անում մակերեսային ենթադրություններ ու իրականացնում շահարկումներ:
«Նշվածն արվում է կազմակերպված ու նպատակային ձևով. այդ ամենը լրատվամիջոցների կամ անգամ հենց այդ պատգամավորների հրապարակումների ներքո զուգորդվում է սոցիալական ցանցերում կեղծ էջերից ՄԻՊ հասցեին արվող վիրավորական արտահայտություններով ու ատելությամբ:
Նշվում է, որ իշխող խմբակցության որոշ պատգամավորներ ՄԻՊ-ից իրենց «չբավարարված» ակնկալիքներում առանձնացնում են այնպիսի հարցեր, որոնք Պաշտպանը ոչ միայն անընդհատ է քննադատության ենթարկում, այլ նաև դրանց համակարգային վտանգներին հատկապես անդրադարձել է լայնածավալ հայտարարությամբ։
«Անհասկանալի է՝ լինելով օրենքներն ընդունող միակ բարձրագույն մարմնի անդամներ, ինչո՞ւ են նշված պատգամավորները ՄԻՊ-ից ակնկալում քայլեր, որոնք վերապահված են իրավապահ մարմիններին կամ դատարանին հենց այդ մարմնի ընդունած օրենքների ուժով:
Կառավարող խմբակցության մեկ այլ պատգամավոր հրապարակային ակնարկով հնչեցրել է անուղղակի սպառնալիք այն մասին, թե ՄԻՊ նախկին որևէ պաշտպան մինչև վերջ չի պաշտոնավարել իր գործունեության պատճառով… Ցավալի է, որ կառավարող խմբակցության պատգամավորը ժողովրդավարական այս կարևորագույն հաստատության նկատմամբ ունի նման վերաբերմունք»,-գրել է Թաթոյանը:
«Հաշվի առնելով, թե ինչ աստիճան են ստացել «իշխանական արշավները» ու ինչ ռեսուրսների օգտագործմամբ է տեղի ունենում, ակնհայտ է, որ գործ ունենք ՄԻՊ գործունեության վերաբերյալ ակնհայտ սխալ պատկերացումներ ձևավորելուն ու կազմակերպված շահարկումներ տարածելուն ուղղված խիստ դատապարտելի, ակնհայտ անօրինական քայլերի հետ․․․
…Իիրազեկում եմ, որ ՄԻՊ-ին ընտրում է Ազգային ժողովը, բայց իր աշխատանքում Պաշտպանն անկախ է և առաջնորդվում է միայն Սահմանադրությամբ ու օրենքներով: Ուստի, շարունակելու եմ ՄԻՊ սահմանադրական առաքելությունը մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը՝ իրավական հնարավորությունների ու ռեսուրսների առավելագույն գործադրմամբ»,-ասվում է գրառման մեջ:
Նշվում է նաև, որ Պաշտպանի ցանկացած հրապարակում հիմնված է մասնագիտական ուսումնասիրությունների, կոնկրետ փաստերի և օբյեկտիվ վերլուծություններ վրա՝ հիմնավորված միջազգային պահանջներով:
«Հետաքրքրությամբ կսպասեմ բոլոր նշված գրառումներն արած պատգամավորների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների նույն ինտենսիվությամբ հրապարակումներին այն մասին, թե այս պատերազմի հետևանքով մեր հայրենակիցների խախտված իրավունքների պաշտպանության հարցերում նրանցից յուրաքանչյուրն ինչ արդյունքներ է արձանագրել կամ ինչ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք ապահովել աշխատանքի անհրաժեշտ արդյունավետություն ու արագություն ապացույցների ամրագրման հարցերում. անկախ ամեն ինչից՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն այդ ուղղությամբ շարունակում է աշխատանքները:
Հ.Գ. Ցավում եմ, որ ստիպված եմ երկրի համար գերպատասխանատու ու ճգնաժամային այս ժամանակահատվածում անդրադառնալ առաջնային նշանակություն չունեցող այս թեմային»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։






