AM
24 Դեկտեմբեր 2020 - 08:43 AMT

Գորիսի քաղաքապետը չի կալանավորվել

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի կալանավորվել։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։

Առուշանյանը ձերբակալվել էր օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի կասկածանքով:

Առուշանյանն ասել է, որ շտապում է Գորիս, քանի որ տեղեկություն է ստացել, թդ Որոտան համայնքից 12 տուն անցնում է Ադրբեջանին, գրում է «Առավոտը»։

«Թշնամին է որոշում, թե որն է իր տարածքը, որը` չէ։ Հասնեմ Սյունիք՝ տեսնենք, ինչ կարող ենք անել, գուցե բանակցենք»,- ասել է Առուշանյանը՝ ավելացնելով, որ կառավարություն չկա և պիտի տեղում հարցերը լուծվեն։

Գորիսի քաղաքապետն իր տնից բերման էր ենթարկվել դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան, երբ մեկ օր առաջ կոչով դիմել էր սյունեցիներին` արգելափակելու ճանապարհները՝ թույլ չտալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք։

Սյունիքում պատերազմից հետո բազմաթիվ ցույցեր են անցկացվել․ բնակիչներն անհանգստացած են մարզի սահմանամերձ դառնալու պատճառով առաջացող անվտանգային հարցերով։